Աշխատանքային պայմանագրերի, առողջապահական և սոցիալական պաշտպանվածության բացակայություն․ ներկայացվեց մեդիաոլորտում աշխատանքային փոխհարաբերություններին վերաբերող հետազոտությունը

Մեդիա  նախաձեռնությունների կենտրոնը ԱՄՆ Միջազգային գործակալության աջակցությամբ մեդիաոլորտում աշխատանքային փոխհարաբերությունների հիմնախնդիրներին առնչվող հետազոտություն է իրականացրել։

Զեկույցի հեղինակ, սոցիոլոգ  Անահիտ Ղարիբյանն այսօր ներկայացրեց հետազոտության հիմնական արդյունքները։

Նրա խոսքով՝ հետազոտությունը իրականացվել է կորոնավիրուսի համավարակի, իսկ հետո պատերազմի պայմաններում, ինչը դրական ազդեցություն է ունեցել հետազոտության վրա․ «Մենք նաև ցանկանում էինք չափելի դարձնել այդ իրավիճակների ազդեցությունը մեդիա ոլորտի աշխատողների վրա, աշխատանքային փոխհարաբերությունների վրա, նաև հնարավորություն էր հասկանալու, դիցուք, նման ճգնաժամային իրավիճակներում արդյոք խախտվո՞ւմ են աշխատանքային իրավունքները, արդյոք աշխատանքային իրավահարաբերությունները նոր ընթացք են ունենում կամ վերաձևակերպվում են պատերազմի ժամանակ, համավարակի պայմաններում և այլն։ Իրականում եղել են նման բացահայտումներ, և եղել են նման կարծիքներ, որ  համավարակի պատճառով եղել են  կրճատումներ, աշխատավարձի փոփոխություն և այլն»։

Հետազոտության հիմնական բացահայտումները՝ 

  • Հարցումներին մասնակցած մեդիաաշխատակիցները նշել են, որ հաճախ աշխատանքային հարաբերությունները հաստատվում են բանավոր համաձայնությամբ կամ ծառայությունների մատուցման միջոցով՝ առանց պայմանագրի կնքման, իսկ աշխատանքային պայմանագրեր կնքվում են այն դեպքերում, երբ լրատվամիջոցը պետական միջոցներից է ֆինանսավորվում կամ ավելի թափանցիկ ֆինանսական աղբյուրներ ունի,
  • Որոշ խմբագրություններում աշխատակիցների փաստացի աշխատավարձը տարբերվում է աշխատանքային պայմանագրում ֆիքսված աշխատավարձից,
  • Հանգստի իրավունքն ամենահաճախ խախտվող իրավունքներից է մեդիա ոլորտում,
  • Լրագրողական արհմիությունը կա ձևականորեն, սակայն մեդիաաշխատողներից շատերը կամ չգիտեն դրա գործունեության մասին, կամ գիտեն, բայց անհրաժեշտության դեպքում չեն դիմի, որովհետև կարծում են՝ արհմիությունը ֆունկցիոնալության առումով այդքան էլ կենսունակ չէ,
  • Մեդիաաշխատողների գերակշիռ մեծամասնությունը չունի առողջապահական և սոցիալական պաշտպանվածություն,
  • Մեդիաաշխատողներն իրենց մասնագիտական գործունեությունը ծավալում են կյանքի համար վտանգավոր պայմաններում՝ պատերազմի, արտակարգ իրավիճակների, համավարակի պայմաններում, մինչդեռ չունեն անվտանգության ապահովման երաշխիքներ ոչ գործատուների, ոչ պետության կողմից,
  • Պատերազմական իրավիճակներում գործատուները աշխատողներին չեն ապահովում անհրաժեշտ հագուստով։ Բացի դրանից՝ գործատուների գերակշիռ մեծամասնությունը իր աշխատողների համար չի կազմակերպում դասընթացներ՝ իրազեկելով նրանց ինքնապաշտպանության, անվտանգության ապահովման, վտանգավոր իրավիճակներում հագուստի ընտրության, վարքագծի կանոնների մասին,
  • Չկան ինստիտուցիոնալ հնարավորություններ, որպեսզի մեդիայի աշխատակիցները կարողանան իրենց իրավունքները պաշտպանել,
  • Մեդիաների ղեկավարները չեն կարողանում երկարաժամկետ ֆինանսական պլանավորում իրականացնել։ ԶԼՄ-ների ֆինանսական անկայունությունը հանգեցնում է լրագրողների աշխատանքային իրավունքների խախտմանը, 
  • Տնտեսական և քաղաքական հովանավորչությունը հանգեցնում է պատվիրված բովանդակության ստեղծմանը,
  • Մեդիաների գերքաղաքականացվածությունը դաշտում ստեղծել է անառողջ մթնոլորտ, իսկ մեդիաների միջև՝ փոխբացառող հարաբերություններ։ Մեդիակազմակերպություններից շատերը իրենց չեն համարում համակարգի մաս, սակայն մեդիադաշտը համակարգային բնույթ ունի։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը և սոցիոլոգ Անահիտ Ղարիբյանը

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, խոսելով հետազոտության նպատակի մասին,  ասաց՝ աշխատանքային իրավունքները շատ կարևոր են ու ազդում են լրագրողների անկախության ու պաշտպանվածության վրա․ «Մենք զբաղվում ենք մեդիայով և միշտ ասում ենք, որ մեդիայի հետ կապված բոլոր հարցերը մեզ հետաքրքիր են։ Հիմա տարբեր ինտենսիվությամբ դրա տարբեր ճյուղերով ենք զբաղվում։ Միշտ մտածել ենք, որ աշխատանքային հարաբերությունները շատ կարևոր են ու ազդում են լրագրողների անկախության, պաշտպանվածության վրա, հետևաբար նյութի վրա և կարծում ենք, որ սա շատ կարևոր հետազոտություն է։ Տարիներ առաջ ինչ-որ փոքրիկ հետազոտություններ արվել են, բայց իրավիճակը փոխվում է, պետք է ժամանակ առ ժամանակ ունենալ այսպիսի հետազոտություններ։ Այսինքն՝  այս ամենը զուտ մասնագիտական հետաքրքրությամբ ու հարցի արդիականությամբ է պայմանավորված»։

Նրա խոսքով՝ հետազոտության արդյունքում խնդիրների վերհանումը միանգամից չի նպաստի դրանց լուծմանը, սակայն կդառնա պատճառ խնդիրների մասին խոսելու և որոշ  դեպքերում թեկուզ փոքր-փոքր մասերով լուծելու համար։

Հետազոտությունն իրականացվել է 100 մեդիաաշխատողների շրջանում, նաև առցանց հարցումների միջոցով։  Հետազոտությունն ամբողջությամբ կհրապարակվի մի քանի օրից։

 

Նանե Ավետիսյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով