ՀՀ-ում ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորողների թվի էական փոփոխություն տեղի չի ունեցել |armenpress.am|

armenpress.am: Ռուս-ուկրաինական զարգացումներով պայմանավորված ՌԴ-ից Հայաստան են տեղափոխվել բազմաթիվ քաղաքացիներ: Այս ընթացքում տարբեր գերատեսչություններ հայտնեցին, որ տեղափոխվածները հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից են և հետաքրքրվում են հայկական շուկա իրենց բիզնեսը տեղափոխելու հարցով: Քանի որ շատերը տեղափոխվել են Հայաստան ընտանիքներով, հարց է առաջանում, թե տեղական ո՞ր դպրոցներում նրանք կարող են ապահովել իրենց երեխաների կրթությունը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնեցին, որ Հայաստանում հանրակրթության համակարգը, ըստ էության, միալեզու է`  օտար լեզուների խորացված ուսուցմամբ: Գործում են նաև օտար լեզվով ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցներ:

ՀՀ-ում կրթության լեզուն հայերենն է,  2-րդ դասարանից պարտադիր դասավանդվում է ռուսերեն, 3-րդ դասարանից՝ անգլերեն (ֆրանսերեն, գերմաներեն) կամ որևէ այլ օտար լեզու: Հայաստանի Հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, ուսումնասիրվում է ռուսերեն:

«Հայաստանի 63 դպրոցում իրականացվում է ռուսերենով խորացված ուսուցում, որից 33-ը` Երևանում, 30-ը՝ մարզերում: Հայաստանի 45 պետական հանրակրթական դպրոցներ ունեն ռուսերենով ուսուցմամբ դասարաններ:  Հայաստանի ռուսերենով ուսուցմամբ դասարաններում փետրվարի 1-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում սովորողների թվի էական փոփոխություն տեղի չի ունեցել»,-ասված է նախարարության հաղորդագրությունում:

Սովորողի ընդունելությունը հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով՝ դպրոցահասակ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի և հաստատության ու ծնողի  միջև կնքված պայմանագրի հիման վրա:  Սովորողին հաստատություն ընդունելու հրամանին հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հաստատություն ընդունված սովորողի տվյալները տնօրենը կամ նրա հրամանով նշանակված պատասխանատու աշխատակիցը մուտքագրում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վարվող «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով