ՌԴ դատախազությունը Մոսկվայի Տվերսկոյի դատարանում հաստատել է պահանջը՝ երկրում արգելելու «Meta»-ն՝ որպես ծայրահեղական ընկերության, սակայն այդ պահանջները չտարածելու «Meta»-ին պատկանող «WhatsApp» մեսենջերի վրա։ Այս մասին հաղորդում է TACC-ը։
«Հիմք ընդունելով ծայրահեղական գործունեության նշանների առկայությունը՝ դատախազությունը խնդրում է արգելել «Meta» ընկերության գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում: Այդ պահանջները չեն տարածվում WhatsApp մեսենջերի վրա»,- ասել է դատախազը դատարանում, որտեղ քննվում է ՌԴ գլխավոր դատախազության հայտարարությունը` «Meta» ընկերությանը ծայրահեղական ճանաչելու և Ռուսաստանում դրա գործունեությունը արգելելու վերաբերյալ։
«Ռոսկոմնադզորը» և Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) ներկայացուցիչը պաշտպանել են դատախազության պահանջը։ Դատախազության ներկայացուցիչն ընդգծել է, որ «Meta»-ի սոցիալական ցանցերը մեծ ազդեցություն ունեն հանրային կարծիքի վրա․․․։ ««Meta»-ն գիտակցաբար թույլ տվեց ատելության խոսք ռուսների դեմ, ինչը այլընտրանքային իրականություն ստեղծեց, որտեղ ճնշվում էր ռուսամետ ցանկացած դիրքորոշում և ատելություն էր հրահրվում»,- ասել է նա:
ՌԴ ԱԴԾ ներկայացուցիչն էլ հայտարարել է, որ «Meta» ընկերության գործունեությունն «ուղղված է Ռուսաստանի և նրա զինված ուժերի դեմ»։
«Meta Platforms» ընկերության ներկայացուցիչը Մոսկվայի Տվերսկոյի դատարանում հայտնել է, որ ընկերությունը փոխել է իր քաղաքականությունը և «անթույլատերելի է համարում ռուսաֆոբիան ու բռնության կոչերը ՌԴ քաղաքացիների նկատմամբ»։
Ընկերության ներկայացուցիչը խնդրել է մերժել հայցը։
Նա նշել է, որ ընկերությանը պատկանող սոցցանցերի օգտատերերը ամբողջ աշխարհում կազմում են մոտ 2 միլիարդ մարդ, և միլիոնավոր ռուս օգտատերերի անդամակցումը այս համաշխարհային համայնքին կարևոր գործոն է համաշխարհային հաղորդակցության և բիզնեսի համար։
Ավելի վաղ «Reuters»-ը՝ վկայակոչելով ընկերության ներքին էլեկտրոնային նամակները, հայտնել էր, որ «Meta Platforms»-ը որոշ երկրների օգտատերերին թույլ է տալու բռնության կոչ անել ռուսաստանցիների և ռուս զինվորականների հասցեին՝ Ուկրաինա ներխուժման համատեքստում։