ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Բլինքենը։
Նա նշել է, որ զրուցել է Ալիևի հետ «տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման և Հարավային Կովկասում խաղաղությանը հետամուտ լինելու կարևորության մասին»։
Գրառման մեջ նշվում է նաև, որ Բլինքենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինային ցուցաբերվող աջակցության համար։
Ադրբեջանական կողմը հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ նշել է նաև, որ զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
Հիշեցնենք, որ մարտի 14-ին ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրանք անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին և լարվածության աճին: