Ոչ թռիչքային գոտի մտցնելը կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի Եվրոպայում․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ Եվրոպայում կայունությունը վտանգի տակ է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների արդյունքում։ Այս մասին նա ուրբաթ հայտարարել է Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք Բրյուսելում ենք վճռորոշ ժամանակ, Եվրոպայում կայունությունը մազից է կախված։ Կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, որն առանցքային նշանակություն ունի խաղաղության պահպանման և անվտանգության համար, փորձությունների է ենթարկվում Ուկրաինա Ռուսաստանի չհրահրված և անհիմն ներխուժմամբ»,- ասել է Բլինքենը։

ԱՄՆ-ն Ռուսաստանին կոչ է անում կանգնեցնել ռազմական օպերացիան ուկրաինական ատոմային օբյեկտների մոտ, ասել է Բլինքենը․ 
«Կրեմլը պետք է անհապաղ դադարեցնի բոլոր հարձակումները ուկրաինական ատոմային օբյեկտների մոտ, ինչպես նաև քաղաքացիական անձնակազմին հնարավորություն տա կատարել իր աշխատանքը՝ այդ օբյեկտների անվտանգությունն ապահովելու մասով, որը կոչ է արել նաև ՄԱԳԱՏԷ-ն»։

Ոչ թռիչքային գոտի

Ուկրաինայի վրա ոչ թռիչքայն գոտի ստեղծելու Արևմուտքի փորձերը կհանգեցնեին ՌԴ-ի հետ պատերազմի, հստակեցրել է նա։

«Չնայած մենք (ԱՄՆ-ն դաշնակիցների հետ) անում ենք ամեն հնարավորը, որպեսզի ուկրաինացիներին ապահովենք ՌԴ-ից պաշտպանվելու արդյունավետ միջոցներով, միևնույն ժամանակ մենք պատասխանատվություն ենք կրում, որ պատերազմը Ուկրաինայի սահմաններից դուրս չտարածվի։ Ոչ թռիչքային գոտի մտցնելու միակ միջոցը ՆԱՏՕ-ի ինքնաթիռները ուկրաինական օդային տարածք ուղարկելն ու ռուսական ինքնաթիռները խոցելն է։ Եվ դա կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի Եվրոպայում։ Եվ ինչպես հստակ հասկացրեց նախագահ Ջո Բայդենը, մենք մտադիր չենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ մտնել»,- նշել է նա։

«Ամեն օր մենք դիտարկում ենք՝ ինչ կարող ենք տրամադրել Ուկրաինային, որպեսզի նա կարողանա պաշտպանել իրեն»,- ասել է պետքարտուղարը՝ նշելով, որ այս հարցը բառացիորեն ամենօրյա ռեժիմով քննարկում են Ուկրաինայի պաշտոնական անձանց հետ, նաև իրենց դաշնակիցների ու գործընկերների։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով