Եթե կար «Եվրանեսթի» բնականոն գործունեությունը ապահովելու պարտավորություն, դա կարելի էր անել օնլայն՝ ադրբեջանցի պատգամավորներին հնարավորություն չտալով գալ ՀՀ․ Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Երևանում անցկացված «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստերին, ասաց, որ այդ ընթացքում քվեարկության է դրվել ընդամենը մեկ փաստաթուղթ, որը գոնե մինչ այժմ հրապարակված չէ․ «Այն քվեարկության է դրվել ոչ թե լիագումար նիստում, այլ բյուրոյի նիստում, որտեղ Հայաստանի պատվիրակության ղեկավարից որևէ կերպ հնարավոր չեղավ պարզել, թե վերջին հաշվով ինչ փաստաթուղթ է ընդունվել երեկ բյուրոյի նիստում և այդ հարցի վերաբերյալ ինչպիսի դիրքորոշում էր հայտնել պատվիրակությունը, իրենք ասում են ձեռնպահ ենք, հետո ասում են՝ դեմ ենք և այլն»։

Ղազինյանի խոսքով՝ հաջորդ ամենակարևոր դրվագը Հայաստան ժամանած ադրբեջանցի պատգամավորներն էին․ «Ինքնին փաստը, որ նրանք գտնվում էին պատերազմից  գրեթե 1.5 տարի հետո, որ 2012 թ․-ից մինչև երեկ նրանք բոյկոտում էին «Եվրանեսթի» շրջանակում Հայաստան այցելությունը, երեկ եկել էին Հայաստան ու իրենց բավականին ազատ էին զգում։ Նաև նրանց տրվեց հնարավորություն վարել մեկ սեսիա։ Սա, իհարկե, վրդովեցուցիչ է, որովհետև հաշվի առնելով պատերազմից հետո առկա իրավիճակը և Հայաստանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, ադրբեջանցիները չպետք է գային Հայաստան։ Եթե կար միջազգային պարտավորություն ապահովել «Եվրանեսթի» բնականոն գործունեությունը, դա կարելի էր անել օնլայն ռեժիմով, այսինքն՝ փաստացի չտալ հնարավորություն ադրբեջանական պատվիրակությանը գալ Հայաստան, նկարվել տարբեր տեղերում, իրենց սոցցանցերում տեղադրել լուսանկարներ և ողջույններ հղել իրենց երկրում ընդունված տերմինաբանության շրջանակում»։

Պատգամավորն ընդգծեց՝ դա իրենց համար անընդունելի էր, սակայն փաստ էր, որի հետ պետք էր հաշվի նստել․ «Ընդդիմությունը միասնական հանդես եկավ այդ հարթակում՝ ներկայացնելով ՀՀ ազգային, պետական շահը, հղելով այնպիսի ուղիղ ուղերձներ, որոնք ուղղված էին ադրբեջանական հանրությանը և իշխող քաղաքական էլիտային՝ կապված Արցախի և ՀՀ սահմանին տիրող իրավիճակի հետ։ Արձանագրվեց, որ Արցախի հարցը կարգավորված չէ, և Արցախը եղել է, կա և մնալու է հայկական և երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, դա կոնկրետ ասվեց իրենց ճակատին, դա իրենց դուրը չեկավ, նրանք անընդհատ փորձում էին ցույց տալ, որ այդ հարցը կարգավորված է, սակայն Եվրոխորհրդարանի պատգամավորները ևս հաստատեցին, որ չեն ընդունում պատերազմի արդյունքները և Արցախի հարցը կարգավորված չէ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով