2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելու է բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։ Դրա կազմակերպման և անցկացման նպատակով կառավարությունը որոշեց գումար տրամադրել «ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը։
Կառավարության այդ որոշման հիմնավորման մեջ ասված է, որ վերջին երեք տարիներին բռնցքամարտի ՀՀ հավաքական թիմի անդամները գրանցել են մեծ նվաճումներ, որոնց թվում՝ 2019-ին Եվրոպական խաղերի ժամանակ մեր մարզիկները ունեցել են երկու չեմպիոն, 2021 թվականի Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին Հովհաննես Բաչկովը գրավել է 3-րդ մրցանակային տեղը, իսկ աշխահի առաջնությանը Դավիթ Չալոյանը գրավել է 2-րդ մրցանակային տեղը:
Հաշվի առնելով այս հանգամանքները, ինչպես նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ավանդույթները և զարգացման ուղիները՝ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից առաջարկվել է Հայաստանի Հանրապետությունում անցկացնել բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնություն:
Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2022 թվականի ընդհանուր հատկացումների հաշվին կատարվող վերաբաշխման արդյունքում հատկացնել ֆինանսական աջակցություն: Առաջնության ընթացքում ակնկալվում է շուրջ 280 մարզիկների մասնակցություն, ինչպես նաև նրանց ուղեկցող անձնակազմի և այլ պատվիրակների մասնակցություն: Ընդհանուր առմամբ ակնկալվում է շուրջ 350 անձանց մասնակցություն:
Ուստի կառավարությունը որոշեց առաջնության կազմակպման և անցկացման համար «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը պետական բյուջեից լրացուցիչ հատկացնել ֆինանսական աջակցության՝ 77.768.000 դրամ գումարի չափով։
Անհրաժեշտ 77,768.0 հազար դրամ գումարը կտրամադրվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի ընդհանուր հատկացումների հաշվին վերաբաշխում կատարելու արդյունքում:
Նշված գումարով Ֆեդերացիան ձեռք է բերելու 2 ռինգ, 12 տանձիկ, բռնցքամարտի 300 ձեռնոց, առաջնության հյուրընկալման համար վճարվելու է նաեւ սահմանված անդամավճարը։
Ակնկալվում է, որ Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի 2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության անցկացումը կնպաստի բռնցքամարտ մարզաձևի զարգացմանը, մասսայականցմանը, արդյունքների բարձրացմանը և մրցանակային տեղերի գրավմանը: