Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված) Բորիս Բախշիյանի պաշտպանը հաղորդում է ներկայացրել՝ դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Նկատի ունենալով ՀՀ դատախազության և բարձրագույն դատական խորհրդի, ինչպես նաև դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից մի քանի օր առաջ ձևավորված իրավական նորագույն պրակտիկան և հստակ հիմնավորելով, որ դատավոր Դավիթ Արղամանյանն ակնհայտ ապօրինի կարգով երկու ամիս ժամանակով կալանավորել է դատավոր Բորիս Բախշիյանին, քիչ առաջ, մինչև կալանավորման որոշումը վերաքննության կարգով բողոքարկելը, հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով դատավոր Դավիթ Արղամանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին, նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցել քրեական գործ՝ ենթարկելով քրեական պատասխանատվության:
Հուսով եմ, որ դատախազությունն ու ԲԴԽ-ն Դավիթ Արղամանյանի գործով ևս անվերապահորեն կհետևեն իրենց կողմից ձևավորած իրավական պրակտիկային և չեն անհանգստանա այդ քրեական գործի ընթացքում Դավիթ Արղամանյանի կողմից տրվող անկանխատեսելի ցուցմունքներից»,֊-գրել է Սարգսյանը: