ՀՀ կառավարությունն այսօր ընդունեց որոշում, ըստ որի՝ պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանված կամ Արցախում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին հունվար, փետրվար ամիսների համար դրամական աջակցություն կտրամադրվի։
ՀՀ կառավարության 2021թ․ հոկտեմբերի 18-ի N 1709-Լ որոշմամբ արդեն հաստատվել է պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը, որի շրջանակներում աջակցություն է տրամադրվում ՀՀ կառավարության 2020թ․ նոյեմբերի 21-ի N 1820-Լ (300000 դրամ) կամ ՀՀ կառավարության 2020թ․ դեկտեմբերի 10-ի N 2021-Լ (250000 դրամ) որոշումներով հաստատված միջոցառումների շրջանակներում աջակցություն ստացած (տվյալները վճարման ցուցակում ներառված) քաղաքացիներին:
Դրամական օգնությունը նշանակում և վճարում է ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)։
Անչափահասներին և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներին՝ ամսական 40,000 դրամ, մյուս բոլոր քաղաքացիներին՝ անկախ տարիքից և սեռից, ամսական 20,000 դրամ կտրամադրվի։
Դրամական օգնության գումարը բանկի կողմից վճարվում է շահառուի (երեխայի օրինական ներկայացուցչի) քարտային հաշվին փոխանցելու միջոցով: Եթե շահառուն (երեխայի օրինական ներկայացուցիչը) սխալ է նշում իր քարտային հաշվին կցված վճարային քարտի համարը կամ որևէ այլ պատճառով բանկը չի կարող գումարը փոխանցել շահառուի (երեխայի օրինական ներկայացուցչի) քարտային հաշվին, ապա բանկը վճարումն իրականացնում է շահառուի (երեխայի օրինական ներկայացուցչի)՝ ընտրված բանկի մասնաճյուղ անձամբ ներկայանալու և վերջինիս նույնականացնելու դեպքում: Այս դեպքում շահառուները կարող են ստանալ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 17-ը, իսկ մինչև դեկտեմբերի 21-ը չվճարված գումարները բանկերը վերադարձնում են պետական բյուջե՝ ծառայությանը տրամադրելով այն շահառուների (երեխայի օրինական ներկայացուցչի) տվյալները, ում չի վճարվել դրամական օգնության գումարը և ամիսները, որոնց համար բանկին փոխանցված դրամական օգնության գումարը չի վճարվել շահառուին (երեխայի օրինական ներկայացուցչին)։
Նշված միջոցառման շրջանակներում դրամական աջակցության գումարները նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար վճարվել է 2021 թվականին։
Կառավարության ընդունած որոշմամբ կերկարաձգվի նաև վճարող կազմակերպության կողմից աջակցության վճարման և չվճարված գումարները պետական բյուջե վերադարձնելու հետ կապված ժամկետները։
Հաշվի առնելով, որ միջոցառման շահառուները գտնվում են սոցիալական անբարենպաստ վիճակում և հատկապես ձմեռային ամիսների ընթացքում կատարում են ավելի շատ ծախսեր՝ կապված կոմունալ վճարումների հետ, երկարաձգվում է խնդրո առարկա միջոցառման շրջանակներում տրամադրվող աջակցության ժամկետները ևս 2 ամսով (2022 թվականի հունվար և փետրվար ամիսների համար)։