Իրավաչափ էին, մանրամասներին ծանոթ չեմ․ հասարակական խորհրդի անդամները՝ Աննա Շահնազարյանին բերման ենթարկելու մասին

Հուլիսի 6-ին, ժամը 21։00-ի սահմաններում «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանը Երեւանում Ամուլսարի պաշտպանության համար դրամահավաք իրականացնելիս բերման է ենթարկվել ոստիկանների կողմից։ Ավելի ուշ ոստիկանությունը պարզաբանում էր տարածել կատարվածի վերաբերյալ։

«Քաղաքացին ոստիկաններին չի ներկայացրել նման գործունեություն ծավալելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ կամ թույլտվություն, ուստի խարդախության կասկածանքով ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։ Համապատասխան ստուգումներից և անհարժեշտ պարզաբանումներից հետո Աննա Շահնազարյանը բաց է թողնվել»,- մասնավորապես ասված է պարզաբանման մեջ։

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը, արձագանքելով մեր հարցին, թե որքանո՞վ էին օրինաչափ ոստիկանության գործողությունները, նշեց, որ դեպքի մանրամասներից տեղյակ չէ։

«Իմացա, որ երկար չեն պահել, բաց են թողել։ Նախկինում, երբ ավագանի էի, նման դեպքերով դիմում էին քաղաքացիները, և նման դրամահավաքությունը պետք է քաղաքապետարանից թույլտվություն ունենա։ Այդ դեպքի հետ կապված, չգիտեմ թույլտվություն եղել է, թե ոչ, դրա ստուգման վերահսկողական մեխանիզմենրով կարծես ոստիկանությունն ու թաղապետարանն են զբաղվում։ Այդքանը կարող եմ ասել, այլ մեկնաբանություն չեմ կարող տալ»,- ասաց նա։

ՀՀ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի մեկ այլ անդամ՝ Դավիթ Պեդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ոստիկանների գործողություններն իրավաչափ են եղել։

«Որքան գիտեմ, պետք է համապատասխան թույլտվություն լիներ դրամահավաքության։ Այս դեպքում, ճիշտ է մենք գործ ունենք ոչ խարդախ մարդու հետ, ով հայտնի է բնապահպանական գործունեությամբ, բայց նույն հավանականությամբ կարող է այլ խարդախ մարդու հանդիպեինք։

Վերջին շրջանում մի քանի դեպք եղել է՝ ապրիլյան պատերազմի մասնակիցների համար են դրամահավաք արել, հիվանդ երեխաների և այլն։ Պարզվել է, որ դա խարդախություն է։ Այս պարագայում ոստիկաններն ամենայն հավանականությամբ չեն ճանաչել։ Իսկ եթե խոսում ենք օրենքով, ապա առանց համապատասխան թույլտվության ցանկացած գործունեություն իրականացնող մարդուն բերման ենթարկեն և պարզեն միջադեպի հանգամանքները։ Կարծում եմ՝ իրավաչափ են գործել ոստիկանները։ Նույն հաջողությամբ իրենց գործունեությունը կարող էր նպաստել ինչ-որ խարդախության կանխմանը»,- մասնավորապես ասաց նա։

Հասարակական խորհրդի այլ անդամների հետ ևս փորձեցինք կապվել․ Արամ Մանուկյանը, Ժաննա Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասացին, որ մանրամասներին ծանոթ չեն և չեն կարող դիրքորոշում հայտնել։ Իսկ Ռաֆայել Աֆրիկյանը, ով ևս ՀՀ ոստիկանապետին կից հանրային խորհրդի անդամ է, նշեց, որ, լինելով պետական աշխատող, չի կարող անհատապես մեկնաբանել կամ խորհրդի անունից դիրքորոշում հայտնել։ Նա նաև ավելացրեց, որ նմանատիպ թեմաները խորհրդի կազմում պարտադիր կերպով քննարկվում են։ 

Երևանի «Իմ Քայլը» ավագանու անդամ Վահե Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ քաղաքապետարանը չունի դրամահավաքի համար թույլտվություն տալու որևէ իրավասություն կամ գործառույթ։

«Ոստիկանությունը ակնհայտորեն դիտավորյալ ապօրինություն կամ ոչ կոմպետենտություն է դրսևորել: Աննա Շահնազարյանին անօրինական բերման ենթարկելուց բացի քաղաքապետարանին նաև ներքաշել է այդ աբսուրդ պրոցեսի մեջ»,- ասել է նա։

Թեմային անդրադարձել է նաև ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ, եթե նախաձեռնությունը ճանաչված է, քաղաքացիները վստահում են ու պատրաստ են իրենց դրամն ինքնակամ նվիրաբերել, ու դա արվում է հրապարակային միջոցառման ժամանակ, ապա որևէ խնդիր այդտեղ չի տեսնում։

«Ես չեմ պատկերացնում, թե ի՞նչ խարդախություն կարող է այդտեղ լինել ու ի՞նչ փաստաթղթեր ու թույլտվություններ են պետք ներկայացնել և ո՞ւմ: Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բազմիցս իրականացրել է հանրային դրամահավաքներ ու երբևէ դրա մասին իրազեկում չի արվել քաղաքապետարան կամ այլ տեղ: Ուղղակի տարակուսում եմ, թե ինչո՞ւ ոստիկանությունում այս հանրահայտ իրողությունը ընկալելի չէ և ինչո՞ւ են քաղաքացիները տարվում ու պահվում օրենքով չարգելված գործունեության համար: Հուսամ՝ նման անհիմն խոչընդոտներ այլևս չեն լինի»,- գրել է պատգամավորը։

Նշենք, որ Աննա Շահնազարյանը հայտնել էր, որ բերման ենթարկելիս Ոստիկանության ծառայողները չեն ներկայացրել իրեն արգելանքի վերցնելու, այն է՝ ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները, իր դատավարական կարգավիճակը, դրանից բխող իրավունքները: Աննա Շահնազարյանի պնդմամբ՝ Ոստիկանությունն այս գործողություններով խոչընդոտել է իր հասարակական գործունեությանը:

Այդ առիթով ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ձեռք բերված բոլոր տեղեկություններն, այդ թվում՝ Աննա Շահնազարյանի գրավոր բողոքի հանգամանքներն ամփոփվել են պաշտպանի աշխատակազմում: Բարձրացված հարցերի կապակցությամբ համապատասխան պարզաբանումների պահանջով ու կոնկրետ հարցադրումներով գրություն է հասցեագրվել ՀՀ ոստիկանություն:

«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը, ըստ նախատեսվածի, շարունակում է դրամահավաք իրականացնել Ամուլսարի պահապանների համար։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Աննա Շահնազարյանը։

«Երեկ ևս դրամահավաք ենք իրականացրել Օպերայի տարածքում։ Ոստիկանների կողմից այս անգամ որևէ գործողություն չի եղել։ Երեկ դրամահավաքի ընթացքում հավաքվել է 39340 դրամ։ Դրամահավաքը շարունակվելու է մինչև հուլիսի 10-ը»,- ասաց նա։

Աստղիկ Գաուդյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով