Պայթյունավտանգ տարածաշրջանը և Հայաստանի անվտանգության համակարգը հոդվածի առաջին մասում նշել ենք, որ զինվորական կոմիսարիատներն անհրաժեշտ է փոխարինել ռեզերվիստների ենթահամակարգով։ Այն դիտարկել ենք արդի մարտահրավերներին ավելի արդյունավետ արձագանքող մոբիլիզացիոն ուժ: Մոբիլիզացման այս տեսակը, սակայն, հնարավոր չէ պատկերացնել որպես առանձին արար:
Զինկոմիսարիատների լուծարումը ենթադրում է պահեստազորայինների ինտեգրումն այլ համակարգի մեջ: Մեր կարծիքով՝ ներկա սպառնալիքներից ծագող իրողությունների պայմաններում ավելի արդյունավետ կլինի այն ընդգրկել անվտանգության մաս կազմող քաղաքացիական պաշտպանության համակարգում: Այստեղից էլ բխում է ներկա քաղաքացիական պաշտպանության համակարգի բարեփոխումը և նոր հայեցակարգի ընդունումը: Բանն այն է նաև, որ այս պահին քաղաքացիական պաշտպանության համակարգն անվտանգության բաղադրիչով չի համապատասխանում ժամանակակից մարտահրավերներին:
Քաղաքացիական պաշտպանության ձևերը՝ տարահանումը, պատսպարումը և անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը, հենվում են դեռևս խորհրդային փորձի վրա և իրականացվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան:
ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 384-Ն որոշման համաձայն՝ Քաղաքացիական պաշտպանության ծառայությունները դասակարգվում են հանրապետականի, մարզայինի, համայնքայինի, օբյեկտայինի: Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում, ըստ որոշման, ստեղծվում են քաղաքացիական պաշտպանության հետևյալ ծառայությունները՝ կապի եւ ազդարարման, ինժեներական, բժշկական, տրանսպորտային, առևտրի և սննդի, էներգետիկայի և լուսաքողարկման, բույսերի և կենդանիների պաշտպանության, հասարակական կարգի պահպանման, նյութատեխնիկական մատակարարման, կոմունալ-տեխնիկական, բնակչության հատուկ սպասարկումների:
Խրթին, մանրամասն բաժանված գործառույթներն, ըստ իս, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետական լիազոր մարմինը՝ ԱԻՆ-ը, ի զորու չէ լիարժեք իրականացնել:
Ենթադրենք՝ հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում բնակչությունը զանգվածային պատսպարման կարիք ունի: Հանրությունը տեղյակ չէ, և, հնարավոր է՝ չի էլ ցանկանում իմանալ՝ ինչ են տարհանումը, տեղափոխումը կամ քաղաքացիական պաշտպանության այլ ձևերը։
Իրենց հերթին ԱԻՆ-ը և ՀՀ կառավարությունը վերջին 20-ամյակում զանգվածային միջոցառում ուղղակի չեն իրականացրել, միայն թեկուզ այն պատճառով, որ քաղաքացիական պաշտպանության համակարգը կայացած չէ և դրա ամբողջ բեռն, ըստ էության, դրված է մեկ պետական օղակի վրա։ Որպես հետևանք՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ԱԹՍ-ների հայտնվելը, հատկապես Երևանի շրջակայքում, ռիսկերով լի անակնկալ էր ոչ միայն խաղաղ բնակչության, այլ նաև համապատասխան պատասխանատու պետական օղակների համար:
Անհրաժեշտ է փոխել ամբողջ քաղաքացիական պաշտպանության համակարգը, ավելի ճիշտ՝ ստեղծել այն:
Փոփոխված քաղպաշտպանության համակարգը կարող է ունենալ հետևյալ կառուցվածքը․
- նորմատիվ իրավական բազա,
- աշխարհազորի գլխավոր թիկունքային ապահովման հրամանատարություն,
- արտակարգ իրավիճակների նախարարություն,
- արտակարգ տնտեսության կառավարման գերատեսչություն,
- արտակարգ իրավիճակի իրավական մեխանիզմների համայնքային վարչություն,
- կամավորների արագ արձագանքման միություն,
- ապաստարանների համակարգ,
- պաշտպանվածության տարածք,
- ամրաշեն տարածք,
- ժամանակավոր ամրաշեն տեղակայման միջոցներ,
- նախազգուշացման տեխնիկական միջոցներ,
- քաղաքացիական արտակարգ դրության ենթակառուցվածք,
- անձնական պաշտպանության միջոցներ և միջոցառումներ,
- քաղաքացիական պաշտպանության ռազմականացված միջոցներ:
Նորմատիվ իրավական բազան նախ և առաջ ենթադրում է քաղաքացիական պաշտպանության մասին նոր օրենք, որը կկարգավորի վերոհիշյալ մարմինների գործողությունները, կսահմանի լիազորությունները, կառուցվածքները, փոխհամագործակցության շրջանակը, առաջնահերթությունները, կսահմանի գործունեության նպատակը և խնդիրները։ Իրավական նորմերի փոփոխությունների կարիք ունեն նաև քաղաքաշինության, պաշտպանության մասին օրենքները և համապատասխան ենթաօրենսդրական ակտերը։
Աշխարհազորի գլխավոր թիկունքային վարչության հիմնական գործառույթը ռազմական դրության ժամանակ համայնքային աշխարհազորի կենտրոնական ղեկավարումն է՝ համայքներում թիկունքային ապահովման, լոգիստիկ խնդիրների կարգավորման, բնակչության պաշտպանության, տարհանման և փրակարարական- որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով։
Խաղաղ ժամանակ անհրաժեշտության դեպքում աջակցում և համագործակցում է Արտակարգ իրավիճակների նախարարության հետ։
ԱԻՆ-ը իրականացնում է այսօրվա լիազորությունները, մշակում է պետական քաղաքականությունը քաղաքացիական պաշտպանության ոլորտում, իրականացնում արտակարգ իրավիճակներում իրեն վերապահված ամբողջական գործառույթը։ Կրթական գերատեսչական մարմնի հետ մշակում և իրագործում է ուսուցումը, Աշխարհազորի գլխավոր թիկունքային վարչության հետ իրականացնում է ազգաբնակչության պարտադիր և պարբերական պլանային աշխատանքներ։ Պատերազմի ժամանակ համագործակցում է Աշխարհազորի գլխավոր թիկունքային վարչության հետ։
Արտակարգ տնտեսության վարչությունը առանձին ստորաբաժանում է, որը, ըստ հավանականության, ենթակա է ԱԻ նախարարությանը, համագործակցում է Էկոնոմիկային նախարարության, Աշխարհազորի գլխավոր թիկունքային վարչության և այլ գերատեսչությունների հետ։ Հիմնական խնդիրներն են արտակարգ և ռազմական իրավիճակների ժամանակ կենսական նշանակություն ունեցող ձեռնարկությունների շարունակական գործունեության ապահովումը։ Լիազորված է հավաքագրել աշխատողների հիմնական մասնավոր և հանրային ծառայությունների համար, ինչպիսիք են շտապ օգնության ծառայությունները, դեղատները, տեղական ինքնակառավարման մարմինները, սննդի և սարքավորումների մատակարարումները, հաղորդակցությունները և այլն:
Արտակարգ իրավիճակի իրավական մեխանիզմների համայնքային վարչության հիմնական գործառույթը կոնկրետ համայնքում արտակարգ և ռազմական դրության պայմաններից ելնող ծայրահեղ անհրաժեշտության ենթաօրենսդրական ակտ սահմանելն է, որը տվյալ պահին պարտադիր է համայնքի բնակչության, տնտեսվարող սուբյեկտների, ուժային կառուցվածքների համար։ Այն կամ հաստատում է ԱԻ նախարարը կամ կառավարությունը՝ մոտակա մի քանի ժամվա ընթացքում կամ համարվում ուժը կորցրած։
Կամավորների արագ արձագանքման միություն՝ մի շարք համայնքային կամ համընդհանուր արտակարգ իրավիճակներում արձագանքող կամավոր խմբեր, միավորումներ, կազմակերպություններ, որոնցից յուրաքանչյուրը գործում է Աշխարհազորի կազմում: Այս կազմակերպությունները պաշտոնապես ճանաչվում և լիցենզավորվում են կառավարության կողմից։
Ապաստարանների համակարգը քաղաքաշինության պարտադիր նորմ է, անհրաժեշտ է բոլոր բնակելի շենքերում, մեծածավալ տարածքներում ունենալ բնակչության համապատասխան հաշվարկի և դասի զանգվածային պաշտպանություն ապահովող ապաստարաններ։ Ընդ որում՝ ապաստարանների դասը պետք է հաշվի առնի միջուկային պաշտպանության հնարավորությունը, այսինքն՝ պետք է նվազագույնը ունենալ 2-րդ դասի ապաստարաններ։
Պաշտպանվածության տարածքները նման են ապաստարանին, բայց կարող են նախագծվել բնակարանային միավորների մեջ, շենքերի, նկուղների կամ այլ հանրային տարածքներում: Բնակարանում, որպես կանոն, պետք է լինեն երկաթբետոնե կառուցվածքներ՝ բնակարանից շենքից դուրս գալու առանձին ելքով։
Ամրաշեն տարածքները սահմանային գոտում հիմնականում քաղաքացիական բնակչության համար նախատեսված պաշտպանական հատուկ ցանցավորված կառույցներ են։ Իրենց հատկություններով նման են ապաստարաններին, նաև զանազան նշանակության թաքստոցների տեսքով են լինում։
Ժամանակավոր ամրաշեն տեղակայման միջոցները բազմապիսի ամրաշեն տեղաշարժվող թաքստոցներ են, որոնք հնարավոր է տեղափոխել այն վայր, որտեղ դրա կարիքը կա, օրինակ՝ բնության մեջ տուրիստական որևէ խմբի ժամանակավոր պաշտպանությունը ապահովելու նպատակով։
Նախազգուշացման տեխնիկական միջոցները ոչ միայն շչակներն են, այլ նաև կապի հատուկ միջոցները․ դրանք օդային վտանգը նախնական հայտնաբերող և ավտոմատ շչակներին փոխանցող ռադարներն են։
Քաղաքացիական արտակարգ դրության ենթակառուցվածքը պետական ամբողջ տրանսպորտային համակարգն է՝ սկսած տեղական քաղաքացիական ավիացիայից, մինչև հասարակական տրանսպորտը, որը համապատասխան իրավիճակում ամբողջությամբ կարող է անցնել պետական միանձնյա կառավարման։
Անձնական պաշտպանության միջոցներն ու միջոցառումները խորհրդային ժամանակներից բոլորիս հայտնի դիմակներն են, ռեսպերատորները, հակագազերը, գործիքները, որոնցով պետք է ապահովված լինեն ապաստարանները, թաքստոցները և պաշտպանական մյուս կառույցները և դրանցից օգտվելու հնարավորություն լինի։
Քաղաքացիական պաշտպանության ռազմականացված միջոցներն այն բոլոր ռազմական միջոցներն են, որոնք նախատեսված են միայն քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքների պաշտպանության համար։ Դրանք կազմավորված են նաև քաղաքացիական զենք ունեցող անձանցից, որոնք կարող են անցնել ծայրահեղ պաշտպանության, ինքնապաշտպանության, ինչպես նաև կազմել Աշխարհազորի մաս, գործել Կամավորների արձագանքման միության համակարգում։
Շարունակելի․․․