Ստեփանավան համայնքի գյուղերում գազաֆիկացման, ջրաֆիկացման հարցը առաջնահերթ լուծում է պահանջում․ Վանո Հակոբյան

Լոռու մարզի Ստեփանավան համայնքում  նոյեմբերի 14-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակը գլխավորում է Վանո Հակոբյանը։ 

Վերջինս Infocom-ի հետ զրույցում ասաց, որ քարոզարշավը հանգիստ է ընթանում՝ առանց խախտումների, իսկ ակնկալիքների մասին խոսելու համար, ըստ նրա, դեռ վաղ է։

Անդրադառնալով Ստեփանավան համայնքում առկա խնդիրներին՝ Հակոբյանն առանձնացրեց Ստեփանավան-Կաթնաղբյուր ճանապարհատավածի վերականգնման հարցը․ «Ճանապարհի 8 կիլոմետրանոց հատվածը վերջին անգամ ասֆալտապատվել է 70-ական թվականներին, որից հետո ոչ մի անգամ կապիտալ աշխատանք չի կատարվել  ճանապարհների վերականգնման համար, առաջնահերթություններից մեկը կհամարեմ  դա»։

Համայնքապետի թեկնածուի դիտարկմամբ՝ առաջնահերթ լուծում պահանջող խնդիր է նաև Սստեփանավան համայնքի գյուղերի գազաֆիկացման, ջրաֆիկացման հարցը․ «Ջրաֆիկացման խնդիր ունենք Ուրասարում, Կաթնաղբյուրում։ Այդ գյուղերում մենք ակունքային աղբյուրներ ունենք և նպատակահարմար կլինի, որ դրանք օգտագործենք ջրաֆիկացման համար»,- ասաց նա՝ հավելելով, որ ջրաֆիկացման հարցը մեծ ծախսեր չի պահանջում, և այն հնարավոր է լուծել համայնքի միջոցներով։

Ըստ Հակոբյանի՝ գազաֆիկացման խնդիր կա Ստեփանավան համայնքի երեք գյուղերում․ «Համայնքի վարչական տարածքներից մեկում՝ Կաթնաղբյուրում,  մինչև սովետական կարգերի փլուզումը գազաֆիկացման աշխատանքները կատարվել են 90%-ով, և հետագայում խնդիրն ուշադրությունից դուրս մնացել։ Կաթնաղբյուրում դա հնարավոր է վերականգնել, իսկ մնացած երկու գյուղերի հետ կապված ուղղակի պետք է աշխատանքներ տանել, ներգրավել այնպիսի կառույցների, որոնք ֆինանսական ներդրումներ կանեն և կստացվի գյուղում գազաֆիկացումը ապահովել»,- ասաց թեկնածուն՝ հավելելով, որ ներդրողների հետ պետք է բանակցել, բացատրել խնդրի կարևորությունը։

Թեկնածուն ասաց նաև, որ ամենակարևոր հարցերից մեկն էլ հակակարկտային կառույցների տեղադրումն է․ «Հակակարկտային կայաններ լինելու դեպքում մենք հնարավորություն կունենանք այդ երեք համայնքներում անմշակ մնացած հողատարածքները նորից վերականգնել նախկին կարգավիճակին, մարդիկ կսկսեն զբաղվել հողագործությամբ, գյուղատնտեսությամբ։ Այսօր ամենախանգարող հանգամանքներից մեկը կայանների խնդիրն է, տարվա ընթացքում շատ է կարոկւտ լինում, բարենպաստ պայմաններ չեն ստեղծվում հողագործությամբ զբաղվելու համար»։

Ստեփանավանի օդանավակայանի հարցն էլ, Վանո Հակոբյանի պատկերացմամբ, կառավարութունը կարող է լուծել․ «Ես բազմիցս տարբեր կառավարությունների օրոք լսել եմ, նմանատիպ հարց բարձրացվել է, և ոչ մի քայլ չի կատարվում։ Եթե կլինի, դա շատ մեծ ուրախություն կլինի մեզ համար, օդանավակայան կառուցելը ֆինանսական մեծ միջոցների հետ կապված հարց է»։

Անդրադառնալով Արմանիսի հանքի շահագործմանը՝ մեր զրուցակիցն ասաց, որ դա ծավալուն հարց է, որն ինքը նախընտրական ծրագրում չի ընդգրկել․ «Թույլ տվեք չպատասխանել այդ հարցին, երևի ընտրություններից հետո կանդրադառնամ դրան»,- ասաց նա։

Ստեփանավանում նոյեմբերի 14-ին սպասվող ընտրություններին մասնակցելու է 3 քաղաքական ուժ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ համայնքի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ, «Բարգավաճ Հայաստանը»՝ Հարություն Ղարագյոզյանի գլխավորությամբ։ Ընտրություններին կմասնակցի նաև Հայ ազգային կոնգրեսը․ նախընտրական ցուցակը կգլխավորի Վանո Հակոբյանը։ 

2020 թ․-ի օգոստոսին Ստեփանավան համայնքի ավագանու 14 անդամներից 7-ը հրաժարական էին տվել, ինչից հետո ավագանու մյուս անդամները նիստ էին գումարել և արձակված էին համարել ավագանին։ Արտակարգ, ապա ռազմական դրությամբ պայմանավորված՝ Ստեփանավանում ավագանու արտահերթ ընտրություններ չէին նշանակվել։  

 

Լուսանկարի ձախ հատվածում՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակը  գլխավորող Վանո Հակոբյանը, ձախում՝ ցուցակի երկրորդ համար Գագիկ Հունանյանը

 

Նանե Ավետիսյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով