9 ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 871 մլրդ 241 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: 

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 871 մլրդ 241 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 733 մլրդ 143 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 138 մլրդ 98 մլն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում։

Ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայումս գործող ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես` ցանկում ներառվել են պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:

Ըստ ՊԵԿ-ի հրապարակած ցանկի՝  առաջին տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որի՝ ՀՀ պետական բյուջե վճարված ընդհանուր մուտքը կազմում է  38 մլրդ 266 մլն 412 հազար դրամ: Երկրորդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է  38 մլրդ 249 մլն 247 հազար դրամով, երրորդ տեղում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ»-ն է 34 մլրդ 194 մլն 185 հազար դրամով, որին հաջորդում է «Գրանդ Տոբակո»-ն՝   24 մլրդ 774 մլն 246 հազար դրամով: Առաջին հնգյակը եզրափակում է «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը՝  16 մլրդ 415 մլն 197 հազար դրամ ընդհանուր մուտքերով:

Հաշվի առնելով, որ հարկ վճարողների կողմից վճարվող հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է նաև օտարերկրյա ներդրողներին և ներդրումային կազմակերպություններին, իսկ  պետական և համայնքային կառավարչական հիմնարկների կողմից վճարվող հարկերը ուղղակիորեն չեն բնութագրում նրանց գործունեության արդյունքները, այլ հանդիսանում են պետական բյուջեով նախատեսված միջոցների վերաբաշխման արդյունք, ուստի ՊԵԿ-ը հանդես է եկել առաջարկությամբ`  առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում չներառել ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները: 

Կառավարության որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելուց հետո ՊԵԿ-ի պաշտոնական կայքում կտեղադրվեն համապատասխան ժամանակահատվածների համար` հարկ վճարողների վճարումների վերաբերյալ ցանկերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով