tert.am։ Երբ ԱԺ-ում քննարկվում էին որոշ նախագծեր, 24-ժամյա ռեժիմ սահմանելու կարգը, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հորդորեց Կառավարությանը հարգել ԱԺ-ին։
«Ես ցանկանում եմ խոսել Կառավարության և ԱԺ-ի մեջ աշխատանքային ռեժիմի մասին, որովհետև կոնկրետ մեր հանձնաժողով եկել են երկու մեծ նախագծեր, որոնց քննարկման համար պատգամավորներն ունեցել են 2-3 օր։ Կան դեպքեր, երբ նախագիծը մեկուկես ամիս մնացել է կառավարությունում, հաստատվելուց հետո եկել է ԱԺ։
Ես խնդրում եմ մի քիչ ավելի հարգալից վերաբերվել ԱԺ-ին, քանի որ առանց պատշաճ քննարկման նախագծերի ընդունումը շատ ավելի վտանգավոր կարող է լինել, քան դրանց ուշ ընդունումը»,-ասաց նա։
Թունյանը նշեց, որ դրա համար խնդրում է իրենց բավարար ժամանակ տալ, որ իրենք էլ կարողանան քննարկել ու հասկանալ բոլոր ռիսկերն ու օգուտները։