Ինչ պետք է իմանալ Ալիևների մասին «Պանդորայի փաստաթղթեր»-ից |hetq.am|

Կոլաժը՝ James O’Brien/OCCRP

hetq.am: Արդեն երկրորդ օրն է, ինչ ողջ աշխարհը խոսում է փաստաթղթերի հերթական արտահոսքի մասին, որն այս անգամ ստացել է «Պանդորայի փաստաթղթեր» անվանումը։ Խոսքն աշխարհի տարբեր երկրների շուրջ 30 000 օֆշորային կազմակերպություններից արտահոսած փաստաթղթերի մասին է, որոնք առնչվում են ոչ միայն պետությունների առաջնորդների, այլև գործարարների, հոլիվուդյան աստղերի և մարզիկների։ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) ներկայացնող 117 երկրներից շուրջ 600 լրագրողներ ուսումնասիրել են ավելի քան 12 մլն փաստաթուղթ։ «Հետք»-ը ևս մասնակցել է այդ միջազգային նախագծին և հրապարակել առաջին հետաքննությունը։ 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունը հաճախ է շրջանառվում արտահոսած փաստաթղթերում։ Ընդ որում՝ ոչ միայն Ալիևի, այլև նրա մերձավորների, ընտանիքի անդամների։ Հակիրճ ներկայացնում ենք OCCRP-ի հետաքննությունը Լոնդոնում Ալիևներին պատկանող անշարժ գույքի մասին։ 

Ալիևների ընտանիքը և նրանց հետ փոխկապակցված անձինք Լոնդոնում գրեթե 700 մլն դոլար արժողությամբ անշարժ գույք են ձեռք բերել։ Ալիևի երեք զավակները և փոխկապակցված երկու անձինք, օգտագործելով գաղտնի օֆշորային կազմակերպություններ, ձեռք են բերել շքեղ պենտհաուսներ (բարձրահարկ շենքերի վերին հարկում գտնվող շքեղ բնակարան), կոմերցիոն գրասենյակային տարածքներ և նույնիսկ պանդոկ Լոնդոնի կենտրոնում։

Ալիևի երկու դուստրերին, որդուն, աներոջը և ընտանիքի մտերիմ երկու գործընկերների՝ Լոնդոնում ունեցած անշարժ գույքը գնահատվել է 429 մլն ֆունտ ստերլինգ կամ 694 մլն դոլար։ Ընդ որում, հետաքննությունից պարզ է դարձել, որ դրանց մեծ մասը ձեռք է բերվել կանխիկ։ Ալիևներին պատկանող գույքը տարիներ շարունակ թաքցվել է օֆշորային ընկերությունների հետևում, որոնց թվում են Sheldrake Six-ը և Fliptag Investments-ը։

Հետաքննությամբ հայտնաբերվել են նախկինում անհայտ 84 օֆշորային կազմակերպություններ, որոնք գրանցված են եղել Բրիտանական Վիրջինյան կղզիներում և 2006 թվականից պատկանել են Ալիևներին և նրանց հետ փոխկապակցված անձանց։ Այդ ընկերությունները միմյանց հետ փոխկապակցված են եղել, իսկ միևնույն մարդը տարբեր պաշտոններ է զբաղեցրել այդ ընկերություններում։ 

Հետաքննությունից պարզ է դառնում, որ Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևը, իր առաջին օֆշորային ընկերությունը ստեղծել է 11 տարեկանում, երբ դեռ դպրոցական էր, իսկ դուստրերից մեկը՝ Արզուն, որը Լոնդոնում հոգեբանություն է սովորել, իր առաջին ընկերության հիմնադրման ժամանակ 19 տարեկան էր։ Չնայած այդ ընկերությունների մի մասը վերջին տարիներին փակվել է, իսկ անշարժ գույքի մի մասը՝ վաճառվել, 2017 թվականին Ալիևները 191 մլն դոլարի անշարժ գույք են փոխանցել մի հիմնադրամի, որը ստեղծվել և վերահսկվում է Իլհամ Ալիևի աներոջ կողմից։

2003 թվականին՝ Իլհամ Ալիևի նախագահ դառնալուց հետո, նրա դուստրը՝ այդ ժամանակ 19-ամյա Արզուն, դարձել է Strahan Holding and Finance ընկերության բաժնետեր, որը շվեյցարական հաշիվ ունեցող օֆշորային կազմակերպություն է։ Վերջինս Լոնդոնի Նայթսբրիջ թաղամասում ձեռք էր բերել ընդհանուր առմամբ 9,7 մլն դոլար արժողությամբ երեք բնակարան։ 

Տարիներ ի վեր լրագրողներն ուսումնասիրում են Ալիևների ընտանիքի կապն այն օլիգարխների հետ, որոնք իրենց կարողությունը մեծացրել են Իլհամ Ալիևի կառավարման տարիներին։ Շրջանառվում է երկու հիմնական անուն, որոնք երկուսն էլ եղել են Ադրբեջանի հարկային ծառայության պաշտոնյաներ։ Ֆազիլ Մամադովը և Աշրաֆ Քամիլովը Ադրբեջանի առաջին ընտանիքի հետ կապված են AtaHolding բիզնես հոլդինգի միջոցով։ Այն ներառում է բանկային, շինարարական, ապահովագրական և այլ տեսակի ծառայություններ մատուցող ընկերություններ։ Դեռ «Պանամայի փաստաթղթեր»-ի արտահոսքի ժամանակ պարզ էր դարձել, թե ինչպես է Մամադովը Ալիևների ընտանիքին հրավիրել միանալ ընկերության աշխատանքներին՝ ստեղծելով «հզոր բիզնես-քաղաքական գործընկերություն» համակարգը։ 

Շարունակությունը՝ hetq.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով