Իրանը Հայաստանում ներդրումների ծրագրեր ունի․ Կարեն Անդրեասյանը դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Կառավարությունը սրտացավ է Հայաստանում ներդրում անել ցանկացող իրանցի գործարարների հանդեպ և հնարավոր բոլոր միջոցներով կաջակցի նրանց։ Այս մասին հոկտեմբերի 1-ին հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ ի պատասխան Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Աբբաս Զոհուրիի այն տեղեկությանը, որ Իրանը Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ ծրագրեր իրականացնելու մեծ ցանկություն ունի, և որ իրանցի գործարարներն այս փուլում հետաքրքրված են Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ անելու ծրագրերով։

Այդ համատեքստում դեսպանը կարևորել է երկու երկրների՝ վաղ անցյալից եկող բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ դրանք լավ հիմք են բոլոր ուղղություններով առկա համագործակցությունը ամրապնդելու ու զարգացնելու համար։

«Իրանի դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի արդարադատության նախարարությանը՝ Հայաստանում իրենց պատիժը կրող իրանցի դատապարտյալներին Իրան փոխանցելու գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար և անդրադարձել առկա որոշ խնդիրների, որոնց իրավական լուծման համար նախարար Անդրեասյանը ջանքեր ներդնելու պատրաստակամություն է հայտնել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դատական նիստերի երկարաձգման հետ կապված խնդիրները, որոնց առնչությամբ Կարեն Անդրեասյանը  տեղեկացրել է, որ թիվ մեկ անելիքներից ու այս պահին այդ ուղղությամբ տարվող աշխատանքներից է դատական համակարգի բարեփոխման հարցը՝ այդ թվում ուղղված նաև բարձրացված խնդրի լուծմանը։ Այդ համատեքստում նախարարը նաև իրանական փորձն  ուսումնասիրելու ու իրանցի գործընկերոջ հետ առաջիկայում հանդիպելու ցանկություն է հայտնել։

Նախարար Անդրեասյանն ու դեսպան Զոհուրին շփումներն ու համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով