hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընդմիջումից հետո շարունակվեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը:
Այսօրվա դատական նիստի ընթացքում դատարանը բավարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի միջնորդությունն ու Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված կալանքը վերացնելու որոշում կայացրեց:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվելուց հետո նրա և հարազատների ամբողջ գույքի՝ այդ թվում կենսաթոշակի վրա կալանք է դրվել:
Այսօրվա դատական նիստի ընթացքում քննարկման առարկա դարձան նաև այն հարցերը, որոնք նախորդ դատական նիստի ընթացքում՝ Մանվել Գրիգորյանի բացակայությամբ էին բարձրաձայնվել: Խոսքը Մանվել Գրիգորյանի և նրա հարազատների գույքի վրա դրված կալանքի և Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին է:
Նշենք, որ նախորդ դատական նիստին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը գրություն էր ուղարկել դատարան՝ հետաքրքրվելով, թե որքան է կազմում Գրիգորյանի կողմից պետությանը պատճառված վնասի չափը և արդյոք արգելանք դրված է Գրիգորյանին պատկանող անշարժ և շարժական գույքի վրա։
Բանն այն է, որ Գրիգորյանը դեռևս 2018 թվականի հոկտեմբերի 17-ին դիմել է Կառավարությանը՝ հայտնելով, որ Գրիգորյանը ցանկանում է Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը: Խոսքն ընկերության 100 % բաժնեմասը պետությանը տրամադրելու մասին է:
Այս գույքը, սակայն, գտնվում է կալանքի տակ: Ըստ Գրիգորյանի պաշտպանների հայտարարության՝ ընկերության տարածքի շուկայական արժեքը մոտ 5 մլրդ դրամ է, որը մի քանի անգամ գերազանցում է պետությանը պատճառված ենթադրյալ վնասի չափը:
Պետական գույքի կառավարման կոմիտեն ՀՔԾ–ին նախաքննության ընթացքում գրություն է ուղարկել՝ փորձելով ճշտել այն հարցերի պատասխանները, որոնք այսօր ուղղել էր դատարանին, ինչին ՀՔԾ-ից պատասխանել են, որ իր վարույթում գտնվող գործով հստակեցված չէ հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի չափը, և առաջարկել են Պետական գույքի կառավարման կոմիտեին հարցի քննարկումը հետաձգել մինչև վնասի չափը պարզելու համար քննչական և դատավարական գործողությունների ավարտը:
Այսօր Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը դատարանին միջնորդեց կալանքից հանել ընկերության գույքը, մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը, սակայն, առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ ընկերության 100 % բաժնետերը Կարեն Գրիգորյանն է՝ Մանվել Գրիգորյանի որդին, ում համաձայնությունը առկա չէ գույքի հետ որևէ գործարք կատարելու վերաբերյալ: Գրիգորյանի պաշտպանական կողմը հիշեցրեց, որ նախաքննության ընթացքում Կարեն Գրիգորյանի անունից տրվել է համաձայնություն: Դատարանը միջնորդության քննությունը հետաձգեց մինչև դրա համար էական հանգամանքների հստակեցումը:
Դատավորն այսօր որոշեց հետաձգել մեղադրող դատախազների՝ Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը։
Դատարանը ցանկանում էր անցնել գործում առկա ապացույցների հետազոտմանը, սակայն Գրիգորյանի առողջական վիճակը նորից վատացավ, և նիստն հետաձգվեց: