«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքի առաջնորդները ամփոփել են նախընտրական քարոզարշավը

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» առաջին համար Արման Բաբաջանյանն ասաց, որ այսօր հայ ժողովուրդը կանգնած է ջրբաժանի առաջ։ «Հունիսի 20-ին մենք ընտրելու ենք Հայաստանի և կայսրության միջև, մենք ենք որոշելու՝ հայոց պատմության թափանիվը ետ է շրջվում, թե առաջ։ Ցանկացած տատանում կարող է կործանարար լինել։ Ձեր որոշման մեջ պետք է լինեք հստակ և աներեր, դրանից է կախված, թե ինչպիսի Հայաստան կունենանք վաղը»։

Բաբաջանյանն ասաց, որ քարոզարշավի օրերին ներկայացրել են ժողովրդավար Հայաստանի և հայ ժողովրդի կյանքի ու ապագայի վերաբերյալ իրենց ծրագրերը։ «Դրանցից հիմնականներն են անվտանգությունը, որի առանցքը պաշտպանությունն է, ազգային անվտանգության ապահովման համակարգն է, մեր սահմաններն են։ Հայաստանի ինքնաբավ պաշտպանության և անվտանգության համար անհրաժեշտ է հզոր արդյունաբերություն, բանակի և կյանքի մյուս ոլորտներն ապահովող ռազմարդյունաբերություն, իսկ այդ բոլորն ունենալու համար անհրաժեշտ է բարձրակարգ կրթություն, տեղեկացված և հմտությունների տիրապետող համախմբված հասարակություն»։

Նա հավելեց, որ հաստատակամ և վստահ են իրենց ծրագրերի իրագործելիության և արդարացիության մեջ։ «Մենք գիտենք՝ ինչպես մեր միակ ռազմավարական դաշնակցի՝ Սփյուռքի հետ թև թևի տված լծվենք մեր երկրի տնտեսության, արդյունաբերության, ռազմարդյունաբերության, գյուղատնտեսության, արտադրական կարողությունների, գիտության, բարձրագույն և հանրակրթական, մշակույթի, ներքին և արտաքին քաղաքական հիմնահարցերի լուծմանը։ Մենք ունենք անհրաժեշտ ձիրքեր, գիտելիք, փորձ ու կարողություն, և մենք Հայաստանը կպատրաստենք թռիչքի, հերթը ձերն է»։

Դաշինքի երկրորդ համար Լևոն Շիրինյանն էլ ասաց, որ հունիսի 20-ին Հայաստանը ընտրություն է կատարում գողապետության և արդիական, քաղաքակիրթ պետության միջև։ «Դա նշանակում է՝ հայ ժողովրդի առջև կանգնած է  գերբարդ խնդիր։ Կարողանալ տասնամյակների, նույնիսկ հարյուրամյակների զարգացման թերություններ շրջանցել, մերժել, դրական լիցքերը պահպանել և առաջ շարժվել։ Դա է մեր ապագան, դա է քաղաքակիրթ մարդկության, համաշխարհային քաղաքականության մեջ հայ ժողովրդի՝ իր դերի ու նշանակության աստվածային նախատեսումը։ Դա նշանակում է, որ այսօր մենք հստակ պետք է մերժենք գողապետությունը, միաժամանակ ճանապարհ տանք այն ուժերին, որոնք հեղափոխության խնդիրներն ու իդեալները շարժելու ենք առաջ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով