ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 5-ին հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին:
«Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի անասունների մի մասը գյուղի հարակից տարածքներում արածելու ընթացքում շարժվել է դեպի ադրբեջանցի զինվորականների դիրքեր: Երբ հովիվը անասուններին ետ բերելու նպատակով փորձել է մոտենալ ադրբեջանցի զինծառայողներին, նրա ուղղությամբ կրակ է բացվել։
Հայկական ԶՈՒ ստորաբաժանման զինծառայողներն անմիջապես մոտեցել են միջադեպի տարածք, ինչին ի պատասխան ադրբեջանցի զինծառայողները կրկին կրակ են բացել: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը դադարեցվել է, իսկ անասունների մեծ մասին հաջողվել է վերադարձնել: Կրակոցների հետևանքով տուժողներ չկան»,-ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում: