«Shamshyan .com-ի հաղորդմամբ, երեկ Երևանի քաղաքային («Թոխմախ») գերեզմանատան մոտ քրեական միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվածք ստացած անձանցից մեկին հիվանդանոց ենք տեղափոխել ես և Մալաթիա-Սեբաստիա վ/շ ղեկավար Դավիթ Կարապետյանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյան՝ մանրամասնելով․
«Թյուրընկալումներից խուսափելու համար տեղեկացնեմ, թե ինչ է տեղի ունեցել: Երեկ երեկոյան՝ աշխատանքային հանդիպումից հետո, Դավիթ Կարապետյանի հետ, նրա մեքենայով Նոր Նորքից վերադառնում էինք: Դավիթ Բեկ փողոցում մեքենան կանգնեցրեց մի մարդ, ով, դատելով տեսքից, լավ վիճակում չէր ու օգնության կարիք ուներ:
Քաղաքացին ասաց, որ վիրավորված է և խնդրեց փրկել իր կյանքը: Բնականաբար, նրան շտապ տեղափոխեցինք մոտակա հիվանդանոց:
Հուսով եմ՝ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում, և նրա (ինչպես նաև ըստ մամուլի՝ մյուս վիրավորների) առողջությունը շուտ կվերականգնվի: Հորդորում եմ քաղաքացիական պարտքի և մարդկային բնական վերաբերմունքի դրսևորումը չտեղափոխել ենթադրությունների, առավել ևս շահարկումների տիրույթ»:
Հիշեցնենք՝ դեպքի մասին Ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն՝ ըստ որի՝ մայիսի 1-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ոմն մեկը հրազենային վիրավորում ունի և գտնվում է Դավիթ Բեկի փողոցում: Ժամը 01.50-ին արդեն բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ տարբեր վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել չորս տղամարդ։
Պարզվել է, որ տղամարդիկ մարմնական վնասվածքները ստացել են Դավիթ Բեկի փողոցին հարակից գերեզմանատանը իրար հետ վիճաբանության ընթացքում:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են գործարանային համարի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ փամփշտատուփով, որի մեջ առկա էր 24 փամփուշտ, առանց գործարանային համարի «TT» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփով, որի փողի մեջ խցանված էր մեկ փամփուշտ:
Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև կրակված 2 պարկուճ, խոհանոցային դանակ և արնանման հետքեր:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: