armtimes.com: Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է: Նա այսօր հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե: «Նորից եկել էինք այն հին գործով, որից այդպես էլ գլուխ չենք հանում, թե ինչու են մեզ պարբերաբար հրավիրում»,– լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի պաշտպան Երվանդ Վարոսյանը` հիշեցնելով, որ մեղադրանքն առաջադրվել էր 2020թ–ի դեկտեմբերին` դրանից 8 ամիս առաջ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։
Այդ գործով Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել անձին առևանգելու համար։ Այժմ քաղաքապետը մեղադրվում է անձի առեւանգումը կազմակերպելու համար: Ըստ Երվանդ Վարոսյանի՝ ծանոթ լինելով գործի որոշ նյութերին, կարող է փաստել, որ առհասարակ որևէ անձի առևանգում տեղի չի ունեցել, իսկ իր պաշտպանյալի կապն այդ ամենի հետ բացարձակապես անհասկանալի է։
Պաշտպանի խոսքով՝ այս ամենն ունի ուղղվածություն: «Դեկտեմբերին Փարամազյանին մեղադրանք առաջադրելը հաջորդեց Սյունիքի համայնքապետերի հայտարարությանը, որով նրանք պահանջում էին վարչապետի հրաժարականը։ Հիմա էլ Ագարակում և Մեղրիում դեպքեր են տեղի ունեցել, սյունեցիները «ջերմ» ողջունել են վարչապետին և, չգիտես՝ ինչու, կրկին հիշել են պարոն Փարամազյանին, հիմա էլ նոր մեղադրանք են առաջադրել, որը էլի կապված է նույն դեպքի հետ»,-ասաց պաշտպանը: Նրա խոսքով՝ այս մի քանի ամիսների ընթացքում քրեական գործի նախաքննության ընթացքում որևէ գործողություն իր պաշտպանյալի մասնակցությամբ չի իրականացվել։