armtimes.com: Շիրակի մարզպետարանի արգելափակումը վերացվեց: Գերեվարված զինծառայողների ծնողները բացեցին մուտքն ու աստիճանաբար հեռանում են կառույցից: Նշենք, որ մարզպետարանի դուռը ծնողները բացեցին ուժային կառույցի ներկայացուցչի հետ հանդիպումից հետո:
Թե ինչ պայմանավորվածությամբ գնացին այդ քայլին, չեն մանրամասնում:
Երեկ ժամը 14:00-ից մինչ այս պահը Շիրակի մարզպետարանի մուտքը շարունակում էին փակ պահել Շիրակի գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները: Նրանք գիշերը դուռը բացել էին և կառույցի տղամարդ աշխատակիցներին ևս թույլ են տվել, որ դուրս գան շենքից: Կանանց համար դուռն ավելի վաղ էին բացել:
Իսկ ծնողները գիշերել էին մարզպետարանում: Նրանք պահանջում էին, որ վարչապետը գա Գյումրի և պատասխանի, թե երբ են վերադարձվելու իրենց որդիները: