Ռուս-վրացական կրքերն ու Հայաստանի շանսերը |hetq.am|

hetq.am։ Վրաստանյան «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հայտնի հաղորդավար Գեորգի Գաբունիայի օրեր առաջ արած հայտարարությունները, որոնք հայհոյանքներ ու վիրավորանքներ էին պարունակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, լարվածության նոր ալիք բարձրացրին Ռուսաստանի ու Վրաստանի հարաբերություններում։ Դրանից հետո Ռուսաստանում քննարկում էին Վրաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ Կառավարությանն առաջարկելով դադարեցնել Վրաստանից գինու և ջրի ներմուծումը։

Այս առաջարկին, սակայն, Ռուսաստանի նախագահը հավանություն չի տվել։ Մինչ նրա անհամաձայնության մասին հայտարարությունները, հայ տնտեսվարողները ակտիվորեն քննարկում էին՝ արդյոք հայկական գինին ու ջուրը կարո՞ղ են իրենց դիրքերն ամրապնդել ռուսական շուկայում՝ փոխարինելով վրացականին։ Սովորաբար, նման իրավիճակներում ակտիվանում են հայկական ապրանքներով այս կամ այն շուկան գրավելու քննարկումները։ Մոտ երեք շաբաթ առաջ էլ «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարեց, որ խստացնում է վրացական գինու որակի վերահսկողությունը։

Հայկական գինի ու հանքային ջուր այսօր էլ է արտահանվում Ռուսաստան։ Սակայն այս շուկայում վրացական գինին ու ջուրն անհամեմատ ավելի մեծ պահանջարկ ու կշիռ ունեն։ Տվյալները վկայում են, որ եթե անգամ Ռուսաստանը հրաժարվեր վրացական գինուց ու հանքային ջրերից, և եթե նույնիսկ Հայաստանում արտադրված ամբողջ գինին ու ջուրը հասնեին Ռուսաստան, միևնույն է, վրացական ապրանքների բացը չէր լրացվի։

Ռուսաստան ներմուծվող գինու ավելի քան 9 %-ը վրացական է. Հայաստանն անհամեմատ ավելի քիչ գինի է արտադրում

Վրաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ նախորդ տարի Վրաստանը արտահանել է ընդհանուր առմամբ մոտ 65 մլն լիտր գինի, որից 40 մլն լիտրը՝ միայն Ռուսաստան։ Այսինքն՝ արտահանվող վրացական գինու 62 %-ի գնորդը Ռուսաստանն է, ինչը նշանակում է, որ վրացական գինեգործության համար նախատեսվող պատժամիջոցները լուրջ հարված էին լինելու։ Ավելի փոքր ծավալով Վրաստանը գինի է արտահանում Ուկրաինա, Չինաստան, Ղազախստան, Լեհաստան և այլ երկրներ։

Իսկ Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության տվյալներով` 2018 թվականին Ռուսաստան արտահանված վրացական գինու ծավալը փոքր-ինչ տարբերվում է՝ 38 մլն լիտր։ Ընդհանուր առմամբ, ըստ նույն աղբյուրի, նախորդ տարի Ռուսաստանը ներմուծել է մոտ 407 մլն լիտր գինի։ Այդպիսով, ներմուծված գինիների կազմում վրացական գինու կշիռը շուրջ 9.4 % է։

Այս ցուցանիշով Վրաստանը երրորդ տեղում է Ռուսաստանին գինի վաճառող երկրների շարքում։ Առաջին տեղում Իսպանիան է՝ 21.2 %-ով, երկրորդում՝ Իտալիան, որի տեսակարար կշիռը 19.9 % է։

Ռուսական «Կոմերսանտ» թերթն ավելի վաղ հարցում էր կատարել ռուսաստանյան սուպերմարկետների շրջանում՝ հասկանալու վրացական գինու կշիռը։ Ըստ ստացված տվյալների՝ Ռուսաստանում հայտնի «Աշան» սուպերմարկետների ցանցում վրացական գինիների կշիռը կազմել է 8 %, «Պյատյորոչկա» և «Պերեկրյոստոկ» ցանցերում՝ 5–6.5 %, «Լենտա»-ում՝ 9 %։

Համեմատության համար նշենք, որ ըստ Հայաստանի մաքսային ծառայության՝ Հայաստանից նախորդ տարի արտահանվել է ընդամենը 2.5 մլն լիտր գինի, որից 2 մլն լիտրը՝ Ռուսաստան։ Նույն տարում, ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի, Հայաստանում արտադրվել է ընդհանուր առմամբ 8.9 մլն լիտր գինի։ Այսինքն՝ նույնիսկ մեծ ցանկության ու հնարավորության դեպքում այս պահին Հայաստանն ի վիճակի չէ ռուսական շուկայում ամբողջությամբ փոխարինել վրացական գինուն։

Չնայած դրան՝ որոշ չափով արտահանման ծավալներն ավելացնելու հնարավորություն կա։ Նման հնարավորություն Հայաստանը նախկինում ևս ունեցել է, երբ դեռևս 10 տարի առաջ վրացական գինու մուտքը Ռուսաստան արգելվել էր, սակայն հայկական կողմը տեսանելի արդյունքներ չգրանցեց։

Շարունակությունը՝ hetq.am

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով