armtimes.com: Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը վայր է դնում ավագանու մանդատը: Խաչատրյանը 2020 թվականի դեկտեմբերի 22-ից զբաղեցնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը:
Չնայած «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը թույլ է տալիս ավագանու անդամին համատեղել փոխնախարարի պաշտոնը, նա որոշել է չզբաղվել ավագանու հարցերով:
Դավիթ Խաչատրյանն ասաց, որ մանդատից հրաժարվելու պատճառը նախարարությունում գերծանրաբեռնված աշխատանքն է: «Գրեթե ամեն օր մինչեւ երեկոյան ժամը 10-ը աշխատավայրում եմ լինում, ֆիզիկապես անհնարին էր համատեղել, իսկ մնալ ավագանու անդամ եւ որեւէ հարցով օգտակար չլինելն անընդունելի եմ հարմարում»,- ասաց նա: Փոխնախարարը նաեւ հավելեց, որ շարունակում է գերազանց հարաբերություններ ունենալ թե՛ քաղաքապետի, թե՛ ավագանու անդամների հետ:
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով հաջորդ մանդատը տրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Աննա Պապյանին: Պապյանը հայտնեց, որ պատրաստվում է ստանձնել ավագանու լիազորությունները եւ կվերցնի մանդատը։ Նա Երեւանի երաժշտական դպրոցներից մեկում վոկալի ուսուցչուհի է աշխատում: