tert.am: Երկու տարի առաջ թխվեց, կարվեց մի քրեական գործ, որի շրջանակներում ինձ մի անհեթեթ մեղադրանք առաջադրվեց և գործը ուղարկվեց դատարան. Երևանի ընդհանուր իրավասության Ավան և Նոր-Նորքի դատարանի բակում ասաց Սերժ Սարգսյանը:
«Անցյալ տարի դատարանի բակում ես ասացի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ոմանք չհասկացան, թե ինչու չեմ խոսում անհեթեթ դիզելի գործի մասին, այլ խոսում եմ ազգային խնդիրների մասին, ոմանք տարակուսեցին, իսկ ոմանք նույնիսկ սկսեցին հեգնել, բայց մենք ձեզ հետ միասին տեսնում էինք, կանխատեսում էինք թե ինչի՞ համար են այս հետապնդումները: Այս հետապնդումները 2018 թվականին Հայաստանում մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մասն էին, որոնց նպատակն էր վարկաբեկել արցախյան ակունքներում կանգնած մարդկանց, թաղել Ղարաբաղի հարցը և մեր ազգային իղձերը»,- ասաց նա:
Սերժ Սարգսյանը նշեց, որ շարունակելու են իրենց պայքարը, և ընդգծեց, որ նախկինում իրենց կողմից արված զգուշացումները հանրային լայն արձագանք չեն ունեցել, ինչն ավարտվեց պատերազմով։
«Պահանջվեց արյունալի պատերազմ՝ հսկայական զոհերով և հայրենազրկմամբ, որպեսզի մեր ժողովրդի աչքերը բացվեին և մարդիկ հասկանային այս իշխանությունների մտադրություններն ու էությունը: Ցավոք սրտի, հնարավոր չէ ողբերգությունը կանխել, բայց ես տեսնում եմ այդ ողբերգությունից հառնելու ճանապարհը: Կապիտուլյանտները պետք է հեռանան, ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն, որ օր առաջ լծվի Հայաստանի անվտանգության և մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացման գործին՝ այլընտրանք չկա»:
Սերժ Սարգսյանը նշեց, որ երեք տարիների ընթացքում ունեցել են կուսակցական կորուստներ, սակայն այսօր ունեն պրոֆեսիոնալ և մրցունակ թիմ և պայքարելու են ազգի և ուժեղ պետության համար: