armenpress.am: Սփյուռքի մասնագետներին Հայաստանի կառավարման համակարգում ներգրավելու «իԳործ» ծրագրով 2020-ին հինգ տասնյակից ավելի սփյուռքահայ մասնագետներ աշխատանքի են անցել Հայաստանում գերատեսչություններում, առնվազն 6-ը որոշել է մշտական բնակություն հաստատել Հայաստանում: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:
Պահանջն այն է, որ մասնագետը պետք է ավարտած լինի աշխարհի լավագույն համալսարաններից մեկը և ունենա գոնե մագիստրոսի կոչում:
Սինանյանի խոսքով՝ կան անհատներ, որոնք ծրագրեր են առաջարկել գերատեսչություններին, կան անհատներ, որոնք լավ աշխատանքի համար մշտական աշխատանքի առաջարկ են ստացել: Մի աշխատակից էլ պաշտոնապես նշանակվել է նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն: «Գիտենք,որ առնվազն 6 մասնակից որոշել է հայրենադարձվել և մշտապես բնակվել ՀՀ-ում»,-նշեց հանձնակատարը:
2021-ին ծրագիրը երկրորդ անգամ է մեկնարկելու, դրա համար նախատեսվել է 50 հոգու մասնակցություն:
«իԳործ»-ի շրջանակում սփյուռքահայ մասնագետները պետական մակարդակով հրավիրվում են աշխատանքի ՀՀ կառավարությունում, որի ծախսերն ամբողջությամբ հոգում է պետությունը: