1lurer.am: Ինչու նախորդ շաբաթ չներկայացաք ԱԺ խորհրդի նիստին, որում պետք է քննարկվեր ընդդիմության կողմից արտահերթ նիստ հրավիրելու հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ նիստի մեկնարկին այս հարցադրմամբ դիմեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:
«Եթե արհամարհել եք, կա՛մ ներողություն խնդրեք, կա՛մ հրաժարական տվեք»,- հավելեց Մարուքյանը:
«Ես ձեզ համառորեն խորհուրդ կտայի ավելի շատ մտածել սեփական պարտականությունների այլոց ընկալման մասին և զերծ մնալ իմ պարտականությունների ձեր ընկալման այդպիսի ներկայացումից:
Առաջարկում եմ անկեղծ ջանք գործադրել իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ, զերծ մնալ նման գնահատականներից: Չեմ կարծում, որ ձեր առաջարկը ուղղված էր հանգուցալուծմանը, հակառակը՝ կարծում եմ՝ մի փոքր ավելի բարդություն ավելացնելու փորձ էր ամբողջ խճանկարին»,- պատասխանեց Միրզոյանը:
Մարուքյանը կրկնեց հարցը՝ ինչո՞ւ չեք ներկայացել ԱԺ խորհրդի նիստին:
ԱԺ նախագահը վստահեցրեց, որ իր պարտականությունները պատշաճ է կատարում, և այդ նիստին չներկայանալը նաև իր իրավունքներից մեկն է: «Ես գուցե առողջական, գուցե քաղաքական, գուցե այլ նկատառումներից ելնելով՝ այդ օրը նիստին չեմ մասնակցել: Դուք կարող եք հարցը հնչեցնել, բայց չեք կարող պնդել, որ դա իմ պարտականությունն է»,- ընդգծեց նա: