Ստեփանակերտում Ամանորի առթիվ տոնական միջոցառումներ չեն կազմակերպվելու: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի մայրաքաղաքի քաղաքապետարանը։
«Մեր կորուստները մեծ են՝ Նոր տարին այդ տոնին հատուկ ուրախությամբ նշելու համար: Սակայն օրը եւս մեկ խորհուրդ ունի՝ համախմբվելու, անցնող տարվա կարեւոր իրադարձությունները հիշելու եւ եկող տարվա անելիքները ուրվագծելու խորհուրդ…
Ստեփանակերտի քաղաքապետարանը բոլորիդ հրավիրում է մայրաքաղաքի հուշահամալիր(եղբայրական գերեզմանոց)՝ մեր զոհված հերոսների հիշատակը խնկարկելու համար:
Ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին օդապարուկներով լուսավորվելու է երկինքը:
Օդապարուկները ԱՆՎՃԱՐ կտրամադրվեն բոլոր ցանկացողներին:
Դեկտեմբերի 31-ին ժամը 21:00-ից հուշահամալիրի տարածքում կբաժանվեն (կարող եք նաեւ ձեր սեփականը բերել)օդապարուկները, իսկ ժամը 22:00-ին այն կբարձրացնենք երկինք(կարող եք նույն ժամին միանալ մեզ տներից):
Թող 2021-ը խաղաղության ու լույսի տարի լինի»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։