armtimes.com: ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց այս պահին լարված իրավիճակ է․ բողոքի ակցիա են իրականացնում անհետ կորած եւ գերեվարված մի շարք զինծառայողների ծնողներ եւ հարազատներ։
Նրանք դժգոհություն են հայտնում, որ անգամ պատերազմից հետո շուրջ 100 նոր գերիներ ունենք․ «Հադրութից, Ջաբրայիլից, անտառներից հավաքել, տարել են, մեր միակ հույսն այն էր, որ անտառներում ողջ երեխաներ ունենք, դա էլ մարեց»,- ասաց նրանցից մեկը։
Ծնողների մի խմբին հաջողվել էր մոտենալ ՊՆ-ի վարչական շենք, սակայն ճաղավանդակներից այն կողմ անցնել նրանց թույլ չէր տրվում։ Նրանք շարունակ պահանջում էին բացել դռները, իսկ շենքի ներսում ծառայություն իրականացնող անձինք ժամանակ էին հայցում։ Տեսնելով, որ իրենց պահանջը մնում է անպատասխան՝ ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը սկսեց ոտքով հարվածել ճաղավանդակի փականի հատվածին։ Տեղում ծառայող ոստիկանները ակտիվ միջամտություն չցուցաբերեցին, միայն հորդորեցին՝ փորձելով նրան հետ պահել այլ քայլից, սակայն ապարդյուն։ Մի քանի րոպե անց փականը, ըստ ամենայնի, կոտրվեց, եւ ծնողները, դուռը բացելով, փորձեցին ներս մտնել։
Ի վերջո ծնողներից մեկը հայտնեց, որ ակցիայի մասնակից 10 տղամարդ ներս մտան՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպելու։
Մյուս ծնողները բակում շարունակում են իրենց ակցիան։