Դեկտեմբերի 14-ին, Մարտուն շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Գևորգ Բալայանի, աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի վարիչ Արարատ Սուլեյմանյանի, Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանի, շինարարական ընկերությունների պատասախանատուների մասնակցությամբ:
Քննարկվել են Մարտունի քաղաքում և Մարտունու շրջանում պատերազմի հետևանքով վնասված բնակելի շենքերի, տների, վարչական շենքերի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների և հետագա անելիքների մասին հարցերը:
Այս մասին իրազեկում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Շրջվարչակազմի ղեկավարը խորհրդակցության սկզբին նշել է, որ բոլորի առաջ շատ կարևոր խնդիր է դրված՝ հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի օր առաջ վերականգնվեն ավերածությունները և մարդիկ կարողանան բնակություն հաստատել իրենց բնակարաններում, նաև վերադառնան իրենց աշխատավայրեր:
Շինարարության իրականացման համար անհրաժեշտ նյութերն ու միջոցները կան, մնում է ներգրավել ավելի շատ շինարարների ու արագացնել ընթացքը, աշխատել համակարգված և արագ տեմպերով: Մարտունու քաղաքապետը, խոսելով ներկայացված բնակելի շենքերի ու տների ցուցակի մասին, հատկանշել է բնակիչների կարգավիճակային առաջնահերթությունը, որով առաջնորդվել են հերթացուցակը կազմելու ժամանակ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև շրջանի այլ բնակավայրերում առկա վնասված տներին ու շինություններին, այս ուղղությամբ հետագա անելիքներին: