azatutyun.am: «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավորների մասնակցությամբ տեղի է ունեցել նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը, որին՝ ի նշան բողոքի, ընդդիմադիր օրենսդիրները չեն մասնակցել: Ընդդիմությունը պնդում է, որ իշխող կուսակցությունը կեղծել է հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը բացել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով կուսակցություններին կոչ է արել «դադարեցնել քաղաքական առճակատումը և կենտրոնանալ բևեռականացմանը վերջ տալու, համերաշխություն և միասնություն դրսևորելու ջանքերի վրա»:
«Մենք հոգնել ենք այս անվերջանալի հայհոյանքից, վիրավորանքից, իսկական վրացական և կովկասյան վարվելակերպի ոտնահարումից: Ատելությունը պառակտում է երկիրը, այն դարձնում է խոցելի և տկար մի ժամանակաշրջանում, երբ մեզ առավել եռանդ է պետք մարտահրավերները դիմագրավելու համար», – ասել է նախագահը:
Այդ ուղերձով նա հեռակա կարգով դիմել է խորհրդարան ընտրված, սակայն առաջին նիստը բոյկոտող ընդդիմադիր պատգամավորներին: