armtimes.com: Երեկ համացանցում ակտիվորեն տարածվում էր մի տեսանյութ՝ ոստիկանների մասնացկությամբ քաղաքացուն ծեծի ենթարկելու վերաբերյալ: Նշվում էր, որ 12 ոստիկան կես ժամ շարունակ դաժան ծեծի են ենթարկում մի երիտասարդի: Այս կապակցությամբ պարզաբանմամբ են հանդես եկել գլխավոր դատախազությունն ու ՀՀ ոստիկանությունը:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով միջադեպին, գրել է, որ իրականում այս դեպքը տեղի է ունեցել նախորդ տարվա կեսերին, դրա կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել և քննվել է քրեական գործ, որով մեղադրանք է առաջադրվել ՀՀ Ոստիկանության ՃՈ երեք տեսուչների և այդ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Այդ մասին, ի դեպ, ՀՀ դատախազությունը նաև հաղորդագրություն է հրապարակել 2021թ. հունվարի 21-ին:
«Ավելացնեմ նաև, որ մեղադրանք առաջադրելուց հետո դատախազի համաձայնությամբ այդ տեսուրչների պաշտոնավարումը կասեցվել է:
Ուղղակի զարմանալի է, թե լրատվամիջոցներն ինչպես են արագ կուլ տալիս անգամ վիզուալ ու բովանդակային ակնհայտ հակասություններ ունեցող տեղեկատվական խայծերը:
Հ.Գ.-2. Տելեգրամյան ալիքների «տեխնոլոգիան» վերածվում է կոնկրետ գլխացավանքի և «տեղեկատվական դիվերսանտի»»,-գրել է Աբրահամյանը:
ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ ճանապարհային ոստիկանությունում ամիսներ առաջ տեղի ունեցած դեպքի նախաքննությունն ավարտվել է, և գործը դատաքննության փուլում է։
«Կոչ ենք անում չխեղաթյուրել իրականությունը. ոստիկանությունն ամենաշահագրգիռն է միջադեպի օբյեկտիվ իրավական գնահատման հարցում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, դեպքը տեղի է ունեցել 2020-ի օգոստոսի 22-ին Ոստիկանության «Փոսի գայի» անվամբ հայտնի ստորաբաժանման դիմաց:
Նշենք, որ այս գործով մեղադրյալներն են՝ ՃՈ ոստիկաններ Սարգիս Մնացականյանը, Սահակ Խաչատրյանը եւ Սեյրան Սարգսյանը: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: