Ոստիկանությունը հայտնում է Արցախից տարհանված անձանցից գումար հափշտակելու դեպք բացահայտելու մասին

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է Արցախից տարհանված անձանցից խարդախությամբ գումար հափշտակելու դեպք բացահայտելու մասին. հարուցված քրեական գործի շրջանակներում մեկ անձ ձերբակալվել է: 

«Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ երկու տղամարդ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տարհանված և Հայաստանում գտնվող ԱՀ երեք քաղաքացու ներկայանալով որպես ոստիկանության «6-րդ վարչության» աշխատակից և փոխվարչապետի օգնական՝ փախստականների համար նախատեսված համապատասխան ծրագրի շրջանակներում նրանց բնակարան հատկացնելու գործընթացը կազմակերպելու նպատակով մուծումներ կատարելու և այլ խնդիրներ կարգավորելու պատրվակով կեղծ վճարային փաստաթղթեր տրամադրելու և կեղծ սեփականության վկայականներ ներկայացնելու եղանակով, չարաշահելով նրանց վստահությունը, Արցախի քաղաքացիներից մեկից պահանջել են 6 միլոն դրամ ու ստացել՝ 3 միլիոն 800 հազար դրամ, մյուսից պահանջել ու ստացել են 3 միլիոն դրամ, իսկ երրորդից պահանջել են 4 միլիոն 475 հազար դրամ և 1000 դոլար, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ Արցախի քաղաքացին չի վստահել նրանց։ Դեպքերի առթիվ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում տղամարդկանցից մեկը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Դիմում ենք Արցախից Հայաստան տարհանված մեր հայրենակիցներին՝ վստահեք բացառապես պատկան մարմիններին, իսկ այլ անձանցից նման առաջարկություններ ստանալու դեպքում անմիջապես դիմեք իրավապահներին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով