Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Տեղեկացնում ենք, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում պարգևավճար են ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ը:
Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և անմիջականորեն ներգրավված են եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում և հրազենային վիրավորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում:
Մի հոգին դեռ մինչ այժմ շարունակում է բուժում ստանալ բուժհաստատությունում»։
Նշենք, որ լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ պարգեւատրվել է փոխվարչապետի աշխատակազմը, բայց չկա հավելվածը, որում պետք է լիներ պարգեւատրում ստացած աշխատակիցների ցուցակը։
Ներկայում հավելվածն արդեն հրապարակված է, սակայն այնտեղ նշված է մեկ անուն, չնայած Հունանյանը գրել է, որ երկու աշխատակից է պարգեւատրվել։ Վերջինս մեր զրույցում պարզաբանեց, որ երկրորդ աշխատակիցը կցված է փոխվարչապետի գրասենյակին, սակայն հաստիքացուցակով աշխատակազմում է, ուստի նրա անունն այս հավելվածում ներառված չէ։