tert.am: Ես կարծում եմ, որ մենք գործ ունենք որոշակի քաղաքական պատասխանատվության հետ` ոչ միայն «Իմ քայլը» դաշինքի մասով, այլ նաև մեր մասով: Այս մասին Երևանի ավագանու հերթական նիստին ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Մենք՝ որպես Երևանի ավագանու անդամներ, պետք է դիրքորոշում արտահայտենք երկրում տեղի ունեցող իրավիճակներին, դիրքորոշում արտահայտենք այն իշխանությանը, վարչապետին, որը երկիրը, կարելի է ասել, վթարի ենթարկեց, և յուրաքանչյուրս մեր մասով կրենք մեր բաժին պատասխանատվությունը, դրա համար մենք ունենք իրավական մեխանիզմներ, իսկ դրա համար ֆեյսբուքյան պատերը բավարար չեն»,-ասաց նա:
Դավիթ Խաժակյանը ներկայացրեց համապատասխան դրույթը, որով ավագանին կարող է ընդունել ուղերձներ, հայտարարություններ: Նա ասաց, որ կոլապսի ենթարկված պետական ապարատը և դրա ղեկավար վարչապետն իրենց անգործունակության պայմաններում խնդիրները չեն կարող լուծել:
Այսպիսով` նա նշեց, որ ուղերձի նախագիծ են ներկայացնելու: «Եթե որոշում ընդունվի, ապա Երևանի ավագանին դիմելու է կառավարությանը, վարչապետին և ասի, որ կապիտուլյանտ վարչապետը, որը, 2,5 տարի սև ու սպիտակի բաժանելով, անարդյունավետ, ձախողակ, տգետ կառավարում ցուցաբերելով, պետք է հրաժարական տա»,-ասաց նա: