Թուրքիան և Ադրբեջանը հերթական համատեղ զորավարժություններն են սկսում |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Թուրքիայի և Ադրբեջանի զինվորականները հերթական համատեղ զորավարժություններն են սկսում, այս անգամ՝ Թուրքիայի տարածքում՝ Հայաստանի սահմանին մոտ գտնվող Կարսում։

Վարժանքները կշարունակվեն ավելի քան տասը օր։ «Դրանց նպատակն է համակարգել երկու երկրների գործողությունները պատերազմականին մոտ իրավիճակում», – օրեր առաջ հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, հավելելով՝ զորավարժություններին կմասնակցեն տանկային ստորաբաժանումներ, թնդանոթներ, դիպուկահարների խմբեր, հատուկ նշանակության ջոկատներ ու ուղղաթիռներ։ Նախատեսվում է նաև փորձարկել թուրքական ու ադրբեջանական բանակների ստացած նոր սպառազինությունները։

Մինչ վարժանքների մեկնարկը՝ անցած շաբաթավերջին, Ադրբեջան էր ժամանել Թուրքիայի պաշտպանության փոխնախարարը՝ Ղարաբաղում հրադադարի մոնիտորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնի բացմանը մասնակցելու։ Հյուրընկալելով թուրք բարձրաստիճան զինվորականին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կրկին խոսել էր երկուստեք ռազմական կապերը ամրապնդելու և ընդարձակելու մասին, պնդելով, թե դա նպաստում է ոչ միայն երկու երկրների շահերին, այլև՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։

Պաշտոնական Երևանը, մինչդեռ, պնդում է՝ թուրք-ադրբեջանական վարժանքները ոչ միայն չեն նպաստում, այլև կասկածի տակ են դնում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին Անկարայից և Բաքվից հնչող հավաստիացումները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով