ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանի կառավարությունում շարունակում է գործել Սոցիալական և նյութական աջակցության շտաբը, որը համակարգում է Արցախում ռազմական գործողությունների հետևանքով առաջացած կարիքների ապահովման և սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը։
Պետական միջոցների հարշվին մարզպետարանները գնումներ են իրականացնում՝ սնունդ և հիգիենիկ պարագաներ ձեռք բերելու համար: Գնումներն իրականացվում են նախապես մշակված սննդային փաթեթներին համապատասխան: Փաթեթների տրամադրումն իրականացվելու է համայնքների կողմից:
Քննարկվում է նաև մասնավոր սեկտորի կողմից տրամադրված հյուրատների և հյուրանոցների կոմունալ ծախսերի փոխհատուցման հարցը, ինչպես նաև արցախցի մեր հայրենակիցներին սոցիալական աջակցության տրամադրման միջնաժամկետ ծրագիրը:
Բոլոր ծրագրերը շարունակում են իրականացվել միջգերատեսչական քննարկումների միջոցով, տեղական և միջազգային գործընկերների մասնակցությամբ և աջակցությամբ, իսկ նախագծերը և նախատեսվող միջոցառումները շահագրգիռ կողմերի հետ կքննարկվեն առաջիկայում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անգնահատելի է համարում սոցիալական աջացության գործընթացում ակտիվ ներգրավված ՀԿ-ների, անհատ կամավորներ և գործարարների դերը, և հորդորում է շարունակել համակարգված և հասցեական համատեղ աշխատանքն այնքան ժամանակ, քանի դեռ Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներն ունեն դրա կարիքը»: