Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, շփվելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, քննարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է TASS-ը։
Մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որը կողմ է արտահայտվել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությանը, Կրեմլի խոսնակը շեշտել է, որ «ցանկացած խաղաղապահներ հակամարտության գոտի են բերվում միայն երկու կողմերի համաձայնությամբ»:
Հարցին, թե պատրաստ է արդյոք Ռուսաստանը Ադրբեջանի համաձայնությամբ իր խաղաղապահներին ուղարկել հակամարտության գոտի, Պեսկովն ասել է. «Այստեղ ես հիմա չէի զբաղվի ինչ-որ վերջնական պատճառաբանությամբ»։
«Նախագահի շփումները Բաքվում և Երևանում իր գործընկերների հետ շոշափում են հակամարտության հնարավոր կարգավորման հետ կապված ամենալայն ասպեկտները»,- շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի ղեկավարը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության հնարավորությունը:
Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի