Անկարան Կիպրոսի դեմ նոր ճգնաժամ է հրահրել, քանի որ նախատեսում է ընդլայնել կղզու մի մասի ապօրինի օկուպացիան՝ ներառելով Վարոշա կոչվող տարածքը: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը։
Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմն ամեն շաբաթ օգտագործում է միջազգային նոր ճգնաժամ՝ ներքին տնտեսական ձախողումներից ուշադրությունը շեղելու և ազգայնական ու կրոնական քայլերի միջոցով հանրությանը ոգևորված պահելու համար:
Վարոշան լողափնյա տարածք է, որը 46 տարի է՝ լքված է այն բանից հետո, երբ թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս և վտարեցին Կիպրոսի հույներին կղզու հյուսիսային մասից: Անկարան պնդում է, որ իր անօրինական ներխուժումը եղել է սոսկ կիպրոսցի թուրքերի իրավունքները «երաշխավորելու» համար:
Թուրքիայի՝ Կիպրոսի փոքրամասնություններին վտարելու քաղաքականությունը հիշեցնում է նրա՝ հայերի և հույների պատմական արտաքսման քաղաքականությանությունը, ինչպես նաև վերջերս Աֆրին ներխուժումը, երբ այնտեղից վտարվեց փոքրամասնություն կազմող քուրդ բնակչությունը:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը ասել է, որ այդ քայլն «անօրինական է», Ռուսաստանը և ԵՄ-ն դատապարտել են այն, իսկ ՄԱԿ-ն արտահայտել է իր սովորական «մտահոգությունը», ինչը նշանակում է, որ նրանք միայն հայտարարություններ են անելու և ոչ մի քայլ չեն ձեռնարկելու:
Թուրքիան սկսկել է գնալով ավելի մեծ սպառնալիք ներկայացնել Հունաստանի, ինչպես նաև ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների համար: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն վերջերս այցելել էր Հունաստան և Կիպրոս՝ այդ երկրներին աջակցություն ցույց տալու համար: Նա նաև «մտահոգություն էր հայտնել» Անկարայի ագրեսիվ պահվածքի առթիվ:
Թուրքիան վերջին ամիսներին սուր քննադատության է ենթարկել Պոմպեոյին, սպառնացել է Թրամփի վարչակազմին և կոշտ արձագանք է տվել ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենին և ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին:
Գազի շուրջ նոր գործարքը, որը ենթադրաբար կներառի խողովակաշարի կառուցում և էներգետիկ ֆորում, Իսրայելը դարձրել է Կիպրոսի և Հունաստանի հիմնական դաշնակիցը: Միևնույն ժամանակ, Եգիպտոսի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը Սև ծովում զորավարժություններ են անցկացնում, իսկ Թուրքիան Սև ծովում փորձարկում է Ռուսաստանից գնված S-400 համակարգերը:
Թուրքիան նաև մեղադրվում է այն բանի համար, որ օգոստոսին օգտագործել է S-400 համակարգերը՝ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի F-16 ինքնաթիռներին հետևելու համար։ New York Times-ի վերլուծաբան Քրիստիան Թրիբերտը պնդում է, որ անցյալ ամիս՝ Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության ընթացքում, Թուրքիան F-16-եր է ուղարկել Ադրբեջան:
Եթե այս բոլոր միջադեպերին դժվար է հետևել, ապա պատճառն այն է, որ հենց դա է Անկարայի ուզածը: Թուրքիան թեժ կետեր է ստեղծում Հայաստանից մինչև Լիբիա և Իրաքի հյուսիսում ընկած Սինջար քաղաք՝ ստիպելով լրատվամիջոցներին ու տեղացիներին վազել մի պատմությունից մյուսը: Անկարան խաղ է անում տարածաշրջանի հետ, ասես դաշնամուր նվագելիս լինի, և դաշնամուրի յուրաքանչյուր ստեղն մի նոր ռազմական ներխուժում է կամ ռմբակոծություն:
2016 թվականից ի վեր՝ Թուրքիան իր բոլոր հարևանների հետ առճակատման գործընթաց է սկսել: Ի հակադրություն Թուրքիայի այժմյան քաղաքականության՝ երկրի նախկին արտգործնախարար և Էրդողանի օրոք վարչապետ եղած Ահմեդ Դավութօղլուն պրագմատիկ քաղաքականություն էր վարում: Թուրքիան ժամանակին ոչ մի խնդիր չուներ իր հարևանների հետ և ցանկանում էր անդամակցել Եվրամիությանը:
Այդ ժամանակ կար ժողովրդավարություն, իսկ այժմ Թուրքիան ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ներկայացուցիչ 65 համայնքապետերից միայն հինգին է թողել իրենց պաշտոններին: Հենց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է, որ ներկայացնում է, թե ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» մեջքից հարվածում է երկիրին:
Թուրքիան աշխարհում առաջատարն է ձերբակալված լրագրողների քանակով․ երկրում 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո ավելի քան 150 հազար քաղծառայող է հեռացվել աշխատանքից։ Թուրքիայում քննադատական լրատվամիջոցներ գերթե չկան․ երկիրը հիշեցնում է միակուսակցական պետություն, որը գնալով ավելի է նմանվում ավտորիտար ռեժիմներին, որտեղ ղեկավարությանը քննատադելն արգելված է։
Անկարան իր նոր ճգնաժամային քաղաքականությունը սկսեց 2016-ին՝ ներխուժելով Սիրիա և քուրդ այլախոհների դեմ պատերազմն ուժգնացնելով: 2018-ին Թուրքիան ներխուժեց քրդական խաղաղ Աֆրին շրջան, ինչը հանգեցրեց 160 հազար քրդերի փախուստի։ Անկարան այստեղ բերեց իսլամիստ ծայրահեղական աշխարհազորայինների՝ օկուպացված գոտին ղեկավարելու համար:
Այնուհետև Թուրքիան այդ նույն զինյալների օգնությամբ 2019-ի հոկտեմբերին ներխուժեց Թել Աբյադի մերձակայք և հարձակվեց «Սիրիայի դեմոկրատական ուժերի» վրա, որոնց աջակցում է ԱՄՆ-ն: Թուրքիան զինված խմբավորումներին հունվարին ուղարկեց Լիբիա, իսկ այժմ նրանց ուղարկում է Ադրբեջան՝ կռվելու Հայաստանի դեմ:
Անկարայի ճգնաժամային քաղաքականությունը ամեն երկու շաբաթը մեկ թևակոխում է ռազմական նոր ճգնաժամի փուլ: Լիբիա անօրինական զենք ուղարկելուց, Եգիպտոսին և ԱՄԷ-ին սպառնալուց, Ֆրանսիայի հետ ճգնաժամ սկսելուց հետո Թուրքիան հուլիսին ռմբակոծեց Իրաքի հյուսիսը, իսկ օգոստոսին սկսեց սպառնալ Հունաստանին և Կիպրոսին Արևելյան Միջերկրականում: Քանի որ սեպտեմբերի կեսին Արեւելյան Միջերկրակաի հիմնախնդրը մարեց, Անկարան իր հայացքն ուղղեց Հայաստանի հետ նոր ճգնաժամին:
Կառավարությունը հրամայել էր լրատվամիջոցներին հաղորդել, որ «ահաբեկիչները» աշխատում են Հայաստանի հետ․ սա հորինված պատմություն էր, ինչը սովորաբար նախորդում է թուրքական ներխուժումներին։ Այնուհետև Թուրքիան Ադրբեջանին մղեց սեպտեմբերի 27-ին հարձակվել Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա։
Հոկտեմբերի 8-ին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև Թուրքիայի աջակցությամբ ծավալված մարտերի ֆոնին, գնդակոծվեց Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի հայկական պատմական եկեղեցին, ինչը կրկնում է Անկարայի՝ եկեղեցիների և փոքրամասնությունների վրա իրականացվող հարձակումները, ինչպես, օրինակ, ալևիների դեպքում: Հայկական եկեղեցու գնդակոծումը հիշեցնում է հուլիսին Ստամբուլի պատմական Սուրբ Սոֆիա տաճարը թանգարանից մզկիթի վերածելու որոշումը:
Անկարան այժմ ունի մի քանի թիրախ: Հոկտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմը գծապատկեր էր հրապարակել և հայտարարություն տարածել, որում պնդում էր․ «Երուսաղեմը մերն է»: Այս հռետորաբանությունը Թուրքիայի իշխող կուսակցության՝ իսրայելապաղեստինյան հարցում իր դերը բարձրացնելուն ուղղված ջանքերի մի մասն է:
Թուրքական F-16-երը կարող են թռչել Ադրբեջան կամ հարձակվել Հայաստանի վրա, Թուրքիան կարող է ներխուժել Սիրիա, հեռացնել ամերիկացիներին Թել Աբյադից, ծովում հետապնդել ֆրանսիական ռազմանավերը և օգտագործել S-400 ռադարները՝ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի ինքնաթիռներին հետևելու համար, սպառնալ Իսրայելին, ԱՄԷ-ին, Հունաստանին, Սիրիայի ռեժիմին, ռմբակոծել Իրաքը, և այս ամենը չունենա որևէ հետևանք: ՆԱՏՕ-ի գործընկեր անդամների վրա աճող հարձակումները կոչված են ցույց տալու, որ Անկարան հրաժարվում է բոլոր կանոններից:
Անկարայի վերջին քայլերը Երուսաղեմում ապշեցնող էին: Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը ասաց, որ Թուրքիան ապակայունացնող ուժ է տարածաշրջանում, և համաձայն իսրայելական հետախուզության և զինվորականների՝ վերջին մեկ տարվա գնահատականների՝ Անկարան աճող սպառնալիք է:
Այնուամենայնիվ, Իսրայելի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Կիպրոսի, Հունաստանի կամ այլ երկրների միջև, որոնք մտահոգված են Թուրքիայի գործողություններով, կոնսենսուս չկա այն հարցում, թե ինչպես դիմակայել Անկարայի գործողություններին: Այն փաստը, որ Թուրքիան գնալով ավելի հաճախ է օգտագործում սիրիացի վարձկաններին, որոնց վերածել է օտարերկրյա լեգեոնի՝ զոհաբերելու համար այն պատերազմներում, որտեղ ուզում է դերակատարում ունենալ, արդեն վնաս է հասցրել Հայաստանին և Լիբիային:
Կիպրոսը և Հունաստանը նախազգուշացված են: