Հրադադար հայտարարելուց ժամեր առաջ հակառակորդի գործողություններն ավելի սաստկացել են, ուժգնացել են, բայց մեր ԶՈՒ-ն հետ են մղել բոլոր առաջխաղացումները: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այս պահի դրությամբ հիմնականում հրադադարը պահպանվում է` չնայած նրան, որ առանձին տեղերում պրովոկացիաներ իրականացվել են, և մեր կողմից պրովոկացիաներին պատասխան տրվել է»․,- ընդգծեց նա։
Հովհաննիսյանի խոսքով՝ մինչև հրադադար հայտարարելը Ադրբեջանի ԶՈՒ-ի հետախուզադիվերսիոն ստորաբաժանումներից փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ քաղաք, և այդ ընթացքում` հրադադարից հետո, այդ խմբերը չեզոքացվել են:
«Ընթացել են ոչ մեծ մասշտաբային մարտեր: Այս մասին ՊԲ-ն լրացուցիչ հայտարարեց, և հստակ նշվեց, որ պրովոկացիան կատարվել է մինչև հրադադարը այն հաշվարկով, որ հրադադարը հայտարարելուց հետո որպես փաստ արդեն արձանագրված լինի»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ հավելելով, որ այս պահին Հադրութում չեզոքացվում են դիվերսիոն խմբերը, և գրեթե ավարտված է դիվերսիոն խմբերի ոչնչացումը:
Նա նաև հայտնեց, որ հրադադարից հետո, ինչպես արտգործնախարարների հայտարարության մեջ հստակ նշված էր, ՊԲ տեղամասերից մեկում թույլ է տրվել, որ մոտենան և վերցնեն իրենց մի քանի դիակները, սակայն դրանից հետո այդ գործընթացը դադարեցվել է, որովհետև նման դեպքերը ևս օգտագործվում են պրովոկացիաներ անելու նպատակով:
«Դրա համար պաշտոնապես հայտարարում ենք, որ հետայսու դա թույլ է տրվելու միայն, ինչպես հայտարարության մեջ նշված է, Կարմիր խաչի ներկայացուցիչների առկայության պարագայում»,- ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը։