Անցնող ողջ գիշերը և մինչև հրադադար հայտարարելը մարտերը նույն կերպ ընթանում էին, և հատկապես թեժ էր հարավային ուղղությունը: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ընդհանուր առմամբ, հակառակորդը նույն գործողություններն էր փորձում իրականացնել` իր առաջխաղացումն ապահովել, որը կասեցվում էր ՀՀ ԶՈՒ կողմից»,- նշեց նա՝ հավելելով, որ Մարտերի ընթացքում հակառակորդը երեկվա և մինչև կեսօրվա դրությամբ տվել է մոտ 200 զոհ, 3 ԱԹՍ, 4 ավտոտեխնիկա և այլ մանր միջոցներ:
Հովհաննիսյանն ընդգծեց, որ հրադադար հայտարարելուց ժամեր առաջ հակառակորդի գործողություններն ավելի սաստկացել են, ուժգնացել են, բայց մեր ԶՈՒ-ն հետ են մղել բոլոր առաջխաղացումները:
«Այս պահի դրությամբ հիմնականում հրադադարը պահպանվում է` չնայած նրան, որ առանձին տեղերում պրովոկացիաներ իրականացվել են, և մեր կողմից պրովոկացիաներին պատասխան տրվել է»,- հավելեց ՊՆ ներկայացուցիչը։
Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ սահմանի ողջ երկայնքով հիմնականում հանգիստ է, հիմնականում պահպանվում է հրադադարը, չնայած լինում են տեղային փոքր պրովոկացիաներ, որոնց պատասխանում ենք։
«Սյունիքում նորմալ իրավիճակ է, որևէ արտառոց բան, որևէ մարտական գործողություն չկա»,- հավելեց նա։