Մենք ամենօրյա ռեժիմով ՄԻԵԴ ենք ներկայացրել ապացույցներ՝ Ադրբեջանի կողմից կոնվենցիոն եւ մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների մասին։ Ամեն օր թարմացումներ ենք ուղարկում՝ ի ցույց դնելու այս իրավունքների՝ Ադրբեջանի տոտալ անտեսումը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Վերջինս իր խոսքում նշեց, որ հաշվի առնելով Թուրքիայի մասնակցության վերաբերյալ միջազգային մամուլում առկա տվյալները եւ տարբեր պետությունների նախագահների ու ԱԳՆ-ների հայտարարությունները, Դատարանին խնդրանք ենք ներկայացրել միջանկյալ միջոց կիրառել նաեւ Թուրքիայի նկատմամբ։
«Ներկայացրել ենք բոլոր ապացույցները՝ Թուրքիայի կողմից Սիրիայից, Լիբիայից այս ռազմական գործողություններին ահաբեկչական խմբավորումների մասնակցությունն ապահովելու վերաբերյալ։ Առանց ՄԻԵԴ-ի արձագանքի էլ մենք իրավունք ունեինք չեզոքացնել ու ոչնչացնել ահաբեկչական ուժերը, որովհետեւ դրանք ուղղակիորեն սպառնում են մեր անվտանգությանը։Այսօր ՄԻԵԴ ենք ուղարկելու տեղեկություններ նաեւ այն մասին, թե մենք ինչ քայլեր ենք ձեռնարկում՝ իրավունքների խախտումներ թույլ չտալու համար»,- հավելեց Կիրակոսյանը։