ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կոչով դիմել է հայ ժողովրդին․
«Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդն Արցախում եւ Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը։ Հարձակման մասշտաբներն աննախադեպ են։ Թշնամին գրոհում է այնպիսի ծավալներով, որ ըստ ռազմական փորձագետների՝ 21-րդ դարում հաճախ չի պատահել աշխարհի որեւէ հատվածում, հակամարտության գոտիներից որեւէ մեկում։
Հարյուրավոր տանկեր եւ հետեւակի մարտական մեքենաներ, հազարավոր արկեր եւ հրթիռներ, տասնյակ ինքնաթիռներ, հարյուրավոր ԱԹՍ-ներ եւ տասնյակ հազարավոր հետեւակ արդեն մեկ շաբաթ գրոհում են Արցախի ՊԲ դիրքերը՝ շփման գծի ողջ երկայնքով։
Նախորդ օրվա մեր վերլուծությունները ցույց տվեցին, որ Արցախի ՊԲ մեկ մարտական դիրքի վրա գրոհի են նետվում մոտ 150-200 թշնամական զինվոր, ընդ որում՝ այսպիսի գրոհները կրկնվում են օրվա մեջ մի քանի անգամ, ուղեկցվում են հրթիռային եւ ավանդական հրետանու, զրահատեխնիկայի, օդանավերի, ԱԹՍ-ների աջակցությամբ։
Մեր զինվորականների վկայությամբ՝ բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից՝ գրոհներին ներգրավված են սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ, թուրքական բանակի հատուկջոկատայիններ։ Մեր տեղեկություններով՝ թուրքական բանակի շուրջ 150 բարձրաստիճան զինվորականներ գտնվում են Ադրբեջանի ԶՈՒ-երի տարբեր օղակների հրամանատարական կետերում եւ ղեկավարում են ռազմական գործողությունները։ Այս նկարագրությունն ինքնին պիտի վկայի, թե ինչպիսի ծանր մարտեր են տեղի ունենում առաջնագծում։
Արդեն մեկ շաբաթ Արցախի ՊԲ-ն, մեր կամավորական ջոկատները կենաց ու մահու կռիվ են տալիս Արցախի սրբազան հողի վրա։ Այս պահի դրությամբ ունենք բազմաթիվ մարդկային կորուստներ՝ զինվորական եւ քաղաքացիական։ Շարքից դուրս է եկել մեծ թվով զինտեխնիկա, բայց հակառակորդն այդպես էլ ի վիճակի չի եղել լուծել որեւէ ռազմավարական խնդիր։
Աներեւակայելի է այն տոկոնությունը, որով մեր զինվորները, սպաները, գեներալներն ու ազատամարտիկները կանգնած են հրոսակային այս հարձակմանը հանդիման։ Մեր զինվորներն ու կամավորները չեն խնայում ոչինչ եւ հերոսության աներեւակայելի օրինակներ են ցույց տալիս։ Այսօր մարտի դաշտում հակառակորդի հարյուրավոր ոչնչացված զրահատեխնիկա կա, տասնյակ օդանավեր եւ ուղղաթիռներ, հարյուրավոր ԱԹՍ-ներ, մարդուժի կորուստներն անցնում են մի քանի հազարը։
Այս պահի դրությամբ էլ թեժ մարտերը շարունակվում են առաջնագծի տարբեր հատվածներում։ Որոշ տեղերում ՊԲ զորքերը գտնվում են բավականին ծանր դրության մեջ, որոշ տեղերում վստահորեն տիրապետում են իրավիճակին։
Մենք ապրում ենք մեր հազարամյա պատմության, թերեւս, ամենավճռորոշ փուլում։ Ադրբեջանաթուրքական հրոսակախմբերը միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում են, նրանք միայն Ղարաբաղի եւ Ղարաբաղի հետեւից չէ, որ եկել են, նրանք չեն եկել միայն տարածքներ, գյուղեր կամ քաղաքներ գրավելու նպատակով, նրանց նպատակը հայությունն է, նրանց նպատակը հայոց ցեղասպանության՝ իրենց քաղաքականության շարունակությունն է։ Եվ նրանք խնդիր են դրել հայոց ցեղասպանությունը շարունակելու այսօր։
Ուզում եմ ասել, որ հիմա այլևս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Արցախի Հանրապետության քաղաքացին Դեր Զորի ճամփորդը չէ։ Այսօր ավելի քան երբևէ մենք համակված ենք մեր ինքնությունը, մեր հայրենիքը, մեր իրավունքը պաշտպանելու անխորտակելի վճռականությամբ։
Հայ ազգը, որ նահատակ և կենդանի հերոսների շնորհիվ ճաշակել է հաղթանակի անզուգական համը, այլևս համաձայն չէ որևէ ուրիշ ճակատագրի։ Հաղթանակը միայն ու միայն հաղթանակն է, բացառապես հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում։
Այսօր արդեն Արցախի ՊԲ-ն իրականացրել է ակտիվ հակահարձակողական գործողություններ և հասել էական հաջողությունների՝ ջախջախելով թշնամական մի քանի հատուկ նշանակության ստորաբաժանումներ։
Մեր թշնամին որքան էլ վարձկան հրոսակների առատ հոսք ունենա, չի կարող մրցակցել ապրելու և հաղթելու հայկական կամքի հետ։ Ու մենք համատեղ ջանքերով պիտի կոտրենք հարձակվող ոսոխի ողնաշարը, որ նա այլևս երբեք իր ոճրագործ ձեռքերը չպարզի մեր ուղղությամբ, իր արյունոտ հայացքը չուղղի մեր հայրենիքին։
Սա մի նոր Սարդարապատ է, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքը իրեն նվիրել մեկ նպատակի, և այդ նպատակի անունն է հաղթանակ։ Եվ մեզնից յուրաքանչյուրը ամեն վայրկյան պիտի պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում։ Ու մենք կհաղթենք, ու չկասկածեք, մենք անպայմանորեն կհաղթենք։ Կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում։ Փա՛ռք ընկած հերոսներին, փա՛ռք հայոց հաղթական բանակին, փա՛ռք հաղթական հայ ժողովրդին»։