Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձավ նրան, որ թուրք-ադրբեջանական թիրախում հայտնվել են օտարերկրյա լրագրողներ։ Ըստ նրա՝ դա եղել է այն բանից հետո, երբ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է , թե որքան մեծ արձագանք կա միջազգային լրատվամիջոցների կողմից լուսաբանելու հակամարտությունը։ Խոսնակը փոխանցեց՝ Հավատարմագրվել էին ավելի քան 50 միջազգային առաջատար լրատվամիջոցների թիմեր՝ մոտ 200 լրագրողներ, որոնց մեծամասնությունը` 100-ից ավելի լրագրողներ, արդեն աշխատում էին Արցախում։
«Ադրբեջանը պարզապես հանդես է գալիս որպես Թուրքիայի քաղաքականությանը ծառայելու միջոց, և մենք կասկած չունենք, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի տարածքը կօգտագործվի որպես ահաբեկչական խմբավորումների տեղակայման վայր, անգամ ավելին՝ այդ ահաբեկիչների ներկայությունն Ադրբեջանն ու տարածաշրջանը կվերածի արյունահեղությունների հերթական դաշտի»,- հայտնեց Աննա Նաղդալյանը։
ԱԳՆ խոսնակը տեղեկացրեց, որ այսօր տեղի է ունեցել ԱԳ նախարարի հեռախոսազրույցը ֆրանսիացի գործընկերոջ հետ, իսկ ասուլիսի պահին տեղի էր ունենում նախարարի և նրա Հունաստանի գործընկերոջ տեսակոնֆերանսը։ Աննա Նաղդալյանը նաև հայտնեց, որ նախարարությունը տարբեր մակարդակներով մշտական կապի մեջ է Իրանի գործընկերների հետ։
«Ափսոսանքի է արժանի այն, որ Ադրբեջանը տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը վտանգելու համար օգտագործում է այլ երկրների տարածքներ, որպեսզի մարտական գործողություններ ու ագրեսիա իրականացնի Արցախի դեմ։ Իրանի գործընկերների հետ մեր երկխոսությունը համապարփակ է և ներառում է հարցերի լայն շրջանակ»,- նշեց նա։
Անդրադառնալով այսօր ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների մակարդակով արված հայտարարությանը՝ խոսնակը հայտնեց, որ դրա վերաբերյալ Հայաստանի կողմի դիրքորոշումը ներկայացվելու է մի փոքր ավելի ուշ և ոչ իմ կողմից։