ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այս շաբաթ Հունաստան կատարելիք այցն օգտագործելու է, որ ուսումնասիրի Թուրքիայում տեղակայված Ինջիրլիք ռազմական ավիաբազայից ամերիկյան առկա հիմնական սարքավորումներն ու գույքը Կրետե տեղափոխելու հնարավորությունը, քանի որ ԱՄՆ-ն մտադիր է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Արևելյան Միջերկրականում։ Այս մասին հայտնում է The Times բրիտանական պարբերականը։
ԱՄՆ պետքարտուղարի այցը դիտարկվում է որպես Վաշինգտոնի հատզհետե սպառվող համբերության արտահայտություն՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակաարևմտյան հռետորաբանության, ինչպես նաև այն փաստի, որ Էրդողանն անցած տարի որոշեց ձեռք բերել ռուսական հակաօդային համակարգեր՝ հակառակ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների խիստ առարկությունների։
«Դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք Վաշինգտոնը կարող է Ինջիրլիքից տեղափոխել իր ողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զինանոցը, սակայն միայն այն փաստը, որ Պոմպեոն գալիս է այստեղ՝ հաստաելու այն ուղերձը, որ ԱՄՆ-ն ակտիվորեն այլընտանքային տարբերակներ է փնտրում, խայթող հարված է Էրդողանի ուղղությամբ»,-ասել է Աթենքից պաշտպանության հարցերով փորձագետ Աթանասիոս Դրուգոսը։
Ինջիրլիքի ռազմական ավիաբազան, որը ստեղծվել է Սառը պատերազմի ամենասկզբնական փուլում թուրք-սիրիական սահմանի մոտ, երկար ժամանակ կենսական կարևորություն է ունեցել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմավարական շահերի առումով։ Ավիաբազան ամենաշատն օգտագործվել է որպես կայան, որտեղից ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման՝ Սիրիայում և Իրաքում տեղակայված զորքերին։
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների՝ Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի ղեկավար Ռոն Ջոնսոնը այս ամիս ենթադրություն է հայտնել, որ ԱՄՆ կարող է դիտարկած լինել այլընտրանք ունենալու հարցը․ խոսքը Սուդայի ծոցի՝ Կրետեի հյուսիսարևմտյան ափին գտնվող ամերիկյան ռազմածովային օբյեկտի մասին է, որտեղ էլ վաղը այցելելու է Մայք Փոմփեոն։ Սա քարտուղար Փոմփեոյի երկրորդ տարածաշրջանային այցն է երկու շաբաթվա ընթացքում։
«ԱՄՆ հետաքրքրություններն ու ներկայությունը տարածաշրջանում չափազանց կարևոր են։ Սակայն եթե գումարենք Ռուսաստանի և Չինաստանի՝ Արևելյան Միջերկրականում ազդեցություն հաստատելու ջանքերը, Լիբիայում Թուրքիայի առաջխաղացումը և տարածաշրջանում ապօրինի հորատումները, Փոմփեոյի ժամանումը չափազանց կարևոր է դառնում»,- նշել է Դրուգոսը։ Նա հավելել է․
«ԱՄՆ ռազմածովային բազան Սուդայի ծոցում այժմ ձեռք է բերում շատ ավելի մեծ և ռազմավարական առումով կարևոր նշանակություն»։
ՆԱՏՕ անդամ, սակայն դարավոր թշնամիներ Հունաստանի և Թուրքիայի փախհարաբերությունները կտրուկ վատթարացել էին վերջերս, երբ թուրքերը հետախուզական նավ էին ուղարկել՝ Կրետեի մերձակայքում գազ և նավթ որոնելու համար: Փոմփեոն միջամտել էր ճգնաժամին, ինչը Թուրքիային ստիպել էր հետ քաշել իր հետախուզական նավը, իսկ Հունաստանը համաձայնել էր հաջորդ ամիս բանակցել հետազոտություններ իրականացնելու շուրջ:
Դեռևս մանրամասներ չեն հաղորդվում, սակայն Հունաստանն արդեն հաստատել է, որ կքննարկի միայն ծովային տարաձայնությունները։ Թուրքիան էլ ցանկանում է բաց բանակցություններ։
«Փոքր է հավանականությունը, որ այս բանակցություններում առաջընթաց կգրանցվի, սակայն այս պահին առնվազն լարվածությունը նվազել է»,- ասել է Դրուգոսը
Մայք Փոմփեոն այցելելու է Հունաստանի հյուսիսում գտնվող Թեսալոնիկ քաղաք, որտեղ կստորագրի երկկողմ տեխնոլոգիական համաձայնագիր էներգետիկ կազմակերպությունների հետ, որոնք ցանկանում են Բալկաններում ենթակառուցվածքներ ստեղծելու նախագծեր իրականացնել։
Լուսանկարում՝ Ինջիրլիք ռազմական ավիաբազան