aliq.ge: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությամբ՝ Վրաստանը թույլ չի տվել իր տարածքով զենք տեղափոխել Հայաստան, ինչի համար նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին:
«Բարձր եմ գնահատում Վրաստանի կառավարության գործողությունները: Ինչպես գիտեք, Վրաստանը թույլ չտվեց իր տարածքով զենք տեղափոխել Հայաստան: Դա է պատճառը, որ այժմ Հայաստան զենք է բերվում կասպյան պետությունների տարածքներով և օդային ճանապարհով: Վրաստանը հանդես է եկել որպես հուսալի գործընկեր, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի կառավարությանը», — հայտարարել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Վրաստանի և Ադրբեջանի միջև բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, և առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնական այցը Վրաստան:
«Ադրբեջանը միշտ կանգնած է Վրաստանի կողքին: Այսօր վրաց ժողովուրդը գիտի, թե ով է իրենց ընկերը և ով՝ թշնամին», — հավելել է Ալիևը:
Ավելի վաղ Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հերքել էր ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած հայտարաություններն առ այն, որ «Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով Հայաստանը Վրաստանի միջոցով զենք է ստացել Սերբիայից»:
Արտգործնախարարությունը հայտարարել էր, որ հոդվածը երկու ռազմավարական գործընկերների միջև արհեստականորեն խնդիրներ ստեղծելու նպատակ ունի:
«Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Վրաստանն ու Ադրբեջանը կապված են ռազմավարական գործընկերությամբ և երկու ազգի երկարամյա բարեկամությամբ, որը զարգանում է և խորանում: Երկու երկրներն էլ կարևոր դեր ունեն տարածաշրջանում և միասին իրականացնում են բազում կարևոր տարածաշրջանային և միջազգային նախագծեր»,- հայտարարել էր նախարարությունը: