shantnews.am: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը խորհրդարանում հիշեցրել է, որ երեկ Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու տարածքում գտնվող հայկական կենտրոնը հրկիզվել է:
«Ուզում եմ մեր խորհրդարանի անունից խստագույնս դատապարտել ազգային և կրոնական հողի վրա հիմնված բոլոր տեսակի հանցագործությունները՝ հույս ունենալով, որ առաջիկա ժամերի ընթացքում տեղական իշխանությունները բավարար չափով ջանք կգործադրեն՝ հայտնաբերելու բոլոր հանցագործներին ու պատասխանատվության ենթարկելու»,- ասաց Հայրապետյանը:
Նա ավելացրեց, որ, թեպետ հանցագործները դեռ հայտնի չեն, սակայն կարելի է ենթադրել, թե ովքեր են կանգնած այդ ամենի հետևում:
«Դժվար չէ կռահել, թե ովքեր են դրա հետևում՝ հաշվի առնելով Տավուշում ապրիլյան վերջին իրադարձություններից հետո նույն Սան Ֆրանցիսկոյում հայկական եկեղեցու նկատմամբ վանդալիստական գործողությունները, Փարիզում Կոմիտասի և այլ հուշարձանների նկատմամբ բռնի գործողությունները»,- ասաց Հայրապետյանը: