azatutyun.am: Ֆրանսիական Կորսիկա կղզում այսօր մեկնարկում է Միջերկրական ծովի ավազանի եվրոպական յոթ պետությունների՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Հունաստանի, Կիպրոսի և Մալթայի ղեկավարների գագաթաժողովը։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի խոսքով՝ օրակարգային գլխավոր թեման Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ արևելյան հատվածում Թուրքիայի գործողությունների զսպման հարցն է։
«Թուրքիան Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման գործողություններ է իրականացնում, ինչը անընդունելի է։ Գործ ունենք միմյանց հաջորդող սադրանքների հետ, ինչը հարիր չէ [Թուրքիայի նման] մեծ պետությանը։ Երբ մենք խոսում ենք Միջերկրական ծովում խաղաղության հաստատման մասին, պետք է կարողանանք Թուրքիայի հետ համակեցության որոշակի մոդել գտնել։
Դրա հետ մեկտեղ, մենք՝ եվրոպացիներս, նախագահ Էրդողանի կառավարության հետ հարաբերություններում պետք է հստակ և վճռական պահելաձև որդեգրենք։ Դա, սակայն, վերաբերում է կառավարությանը, բայց ոչ թուրքական պետությանը կամ ժողովրդին», – հայտարարել է Մակրոնը՝ նշելով, որ Ֆրանսիան Անկարայի հետ հարաբերություններում լարումն ավելացնելու նպատակ չունի։
«Մենք ցանկանում ենք խուսափել իրադրության հետագա լարումից։ Դա, սակայն, չի նշանակում, որ մենք կրավորական կամ հանդուրժող դիրք ենք գրավելու», – նշել է Մակրոնը։