factor.am: Հունական Լեսբոս կղզում նախօրեին երեկոյան անկարգություններ են տեղի ունեցել։ Հրդեհված «Մորիա» ճամբարից հազարավոր միգրանտներ փորձել են անցնել Միտիլինի քաղաք և նավահանգիստ, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։ Այս մասին գրույմ է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Open հեռուստաալիքը։
«Ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումը փորձում է հետ մղել հազարավոր միգրանտների, որոնք լքել են իրենց վրանները և փորձում են անցնել Միտիլինի քաղաք»,- հաղորդել է հեռուստաալիքի թղթակիցը։
Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել, միգրանտներն այրել են ճանապարհամերձ խոտածածկը, հրդեհներ են սկսվել։ Ճանապարհին հազարավոր մարդիկ են հավաքվել, այդ թվում՝ բազմաթիվ կանայք ու երեխաներ։ Հունաստանի միգրացիայի և ապաստանի հարցերով նախարար Նոտիս Միտարակիսը հայտնել է, որ այսօր կղզի ուղևորատար շոգենավ, ինչպես նաև ՌԾՈՒ-ի երկու դեսանտանային նավ կժամանի, որոնցում շուրջ 2 հազար միգրանտի կտեղավորեն։
Երեք չարթերային չվերթով էլ Հունաստանի մայրցամաքային հատված կփոխադրեն 408 երեխայի, մնացյալ միգրանտների համար վրաններ կհասցնեն կղզի։ Նշենք, որ «Մորիա»-ն փախստականների խոշորագույն ճամբարն է Եվրոպայում։ Տարիներ ի վեր այն գերբեռնված է։ Հունաստանի իշխանությունների տվյալներով՝ վերջին շրջանում այնտեղ 12.600 մարդ էր ապրում, չնայած ճամբարը նախատեսված է 2.800 մարդու համար։