ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել. կա ձերբակալված

ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել: Հանցագործության կատարման կասկածանքով բերման է ենթարկվել 15 անձ: Քաղաքացի Ա. Ս.-ն ձերբակալվել է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ոստիկանությունը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, դեկտեմբերի 28-ին առերևույթ ՀՀ Ազգային ժողովի բնականոն աշխատանքի խոչընդոտման դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և անտեսելով հասարակական համակեցության կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և ընդգծված արհամարհական պահվածք՝ Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ, նախապես իրենց հետ բերելով և Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում կայանելով հավկիթներով լցված ավտոմեքենա, իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ վեճի են բռնվել ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Անդրանիկ Քոչարյանի հետ, հավկիթներով հարվածել նրանց ավտոմեքենաներին և Սիսակ Գաբրիելյանին: Միջադեպի ընթացքում նաև գործադրվել է բռնություն: 

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Հանցագործության կատարման կասկածանքով բերման է ենթարկվել 15 անձ: Քաղաքացի Ա. Ս.-ն ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։ Ոստիկանության Արաբկիրի բաժին է բերվել նաև հավկիթներով լցված ավտոմեքենան։

Ոստիկանությունը վերստին նախազգուշացնում է, որ ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով ամրագրված՝ հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունքը բացարձակ իրավունք չէ, և բոլոր այն դեպքերում, երբ այդ իրավունքի իրացումը դրսևորվում է հանցակազմի հատկանիշներ պարունակող արարքների միջոցով, ապա յուրաքանչյուր նման դեպքում ոստիկանության արձագանքը կլինի համարժեք»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով